Հարգանքի տուրք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին...............
Բնությունը՝ մեզ ծնող ու սնող մայրը, խորհել է տալիս, մտորել:
Ի՞նչ է մարդը անհունության մեջ: Մարդը մեծ է անհունությունից: Մարդկային տիեզերագնաց միտքը տիեզերքից էլ անսահման է: Բայց..........
Մարդկային մի խումբ էլ «հազար տարում հազիվ դարձավ մարդասպան»:
Այս մտորումներով էլ Եվրասիա վարժարանի աշակերտները ապրիլի 24-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհվածների հիշատակին: Ժողովուրդը չի մոռանում իր զավակներին և ձորամիջում՝ դարավոր անտառի փեշերին, կանգնեցրել է հուշակոթող, որը միշտ խորհրդավոր ու խոսուն լռություն է պահպանում: Տարին մեկ անգամ գարնանային մթնշաղից հետո, երբ լսվում է միայն Հրազդան գետի խշշոցը, խռովված հոգիները իրար են մոտենում և տխուր զրուցում..........
Զրուցում են կորցրած երջանկության մասին, չվերականգնվող արդարության ու ճշմարտության մասին: Գետը նրանց բողոք-զրույցը տանում է աշխարհով մեկ...............

Եվրասիա վարժարանը իր արտալսարանային միջոցառումների շրջանակներում լայն հնարավորություններ է ընձեռում աշակերտների մեջ ձևավորելու քաղաքացիականության այնպիսի զգացումներ ու հատկություններ, ինչպիսիք են հայրենասիրությունը, մարդասիրությունը, անձնվիրությունը, ուժն ու տոկունությունը:
Այս նպատակով 10-րդ դասարանի աշակերտները ապրիլի 12-ին այցելեցին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
Թանգարանում նրանք ծանոթացան սպարապետի կյանքին ու գործունեությանը, այսօրվա ռազմական տեխնիկային ու կարողությանը, մասնակցեցին զորավարժանքներին՝ ապրելով ազգային հպարտության հաճելի պահեր:
Խիստ տրամադրող մթնոլորտը երեխաների մեջ ծնեց պատվասիրության, պարտքի, ընկերասիրության ու արժանապատվության խորը զգացումներ:
Ուղղություն դեպի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Փետրվարի 18-ին «Մուտքը գրքով» ծրագրի շրջանակներում մենք՝ Եվրասիա վարժարանի 10-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտներս և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Մկրտչյանը, այցելեցինք Ավ. Իսահակյանի տուն-թանգարան:
Մենք՝ աշակերտներս, Իսահակյանի տուն-թանգարան այցելում էինք առաջին անգամ, և մեզ համար շատ հետաքրքիր էր, թե ինչպես և որտեղ է ապրել և ստեղծագործել մեծանուն բանաստեղծն իր կյանքի վերջին տարիներին:
Առանձնապես նորություն էր «Մուտքը գրքով» ծրագիրը. տալիս էինք մեկ գիրք և ստանում մուտքի տոմս: Արդեն թանգարանում մենք տեղեկացանք, որ մեր բերած գրքերը նվիրաբերվելու էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գյուղական համայնքների երեխաներին:
Այդ օրը մենք մեզ մի փոքր ավելի հպարտ էինք մեր կատարած բարի գործի համար:
10-րդ դասարանի իրավաբանական հոսքի աշակերտուհի` Արմինե Բարսեղյան
«Մուտքը գրքով» թանգարանների և թատրոնների բաց դռների օրեր
Փետրվարի 16-18-ին հայտարարված էին «Մուտքը գրքով» թանգարանների և թատրոնների բաց դռների օրեր, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ուներ այցելել ցանկացած թատրոն և թանգարան՝ բերելով մի գիրք: Փետրվարի 18-ին անգլերենի մեր ուսուցչուհին՝ ընկեր Շահինյանը, առաջարկեց գնալ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: Մեզանից շատերն, իհարկե, ծանոթ էին Փարաջանովի արվեստին, բայց ոչ բոլորն էին տեղյակ, որ նա մի շարք հրաշալի կոլաժների հեղինակ է: Մեզ անխտիր հետաքրքրում էր Փարաջանովի յուրաքանչյուր ստեղծագործությունը, փորձում էինք հասկանալ ու ներթափանցել մեծ արվեստագետի ներաշխարհը: Ինչ՞ է զգացել Փարաջանովը, երբ ստեղծել է իր «Ջոկոնդան», երբ պատրաստել է գլխարկները, կարծում եմ, որ ոչ ոք չի կարող բացատրել: Մեզանից շատերը, կարծում եմ, այդ այցից հետո կդիտեն Փարաջանովի «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները» և նրա այլ ստեղծագործությունները: Հրաշալի օր էր, շատ բան սովորեցինք, լավ ժամանակ անցկացրեցինք:
10-րդ դասարան, տնտեսագիտական 1-ին հոսք
Սյուզաննա Մելքոնյան
X դասարան
բնագիտամաթեմատիկական հոսք
Սեպտեմբերի 10-ին` վաղ առավոտյան, Եվրասիա վարժարանն ուղևորվեց Արագածոտնի մարզ` դեպի Արագած լեռը: Մեզ ուղեկցում էր լեռնագնաց Ներսես Սամվելյանը:
Ավտոբուսով բարձրանում ենք: Բայց արշավը հո ավտոբուսով չի՞ լինում: Մեզ դեռ լուրջ ու դժվար վերելք է ապասում: Հասնում ենք Քարի լիճ (3207 մ): Նրա մակերեսը 0.12 կմ2 է, խորությունը` 12 մ: Ջուրը շատ պարզ է ու մաքուր, բայց միևնույն ժամանակ` սառը: Մի կողմից` ցուրտ եղանակն ու ցրտաշունչ քամին, մյուս կողմից էլ մեր ծանր պայուսակներն ու քարքարոտ ճամփան, բայց մենք չենք վհատվում. չէ՞ որ վստահելի ուղեկցորդ ունենք: Նա օգնում է, ոգևորում, սովորեցնում է ոտքերը թեք դնել, որ ցած չգլորվենք: Վերելքին թույլ չի տալիս շատ ջուր խմել, որ ավելի հեշտ բարձրանանք: Մեկ-երկու դադար ենք տալիս, որ հանգստանանք ու էլ ավելի մեծ եռանդով ու ուժով <<նվաճենք>> Արագածը:
Ահա և հասնում ենք փոքր գագաթը: Օ՟, մի հրաշք տեսարան է բացվում. մեր առաջ Արագածի խառնարանն է: Խառնարանին նայելիս մի ահավոր սարսուռ է անցնում մարմնովդ. վախենում ես անգամ ներքև նայել: Խառնարանի խորությունը 350 մ է, իսկ լայնությունը` 2.5 կմ, պատկերացնու՞մ եք:
Եվս մեկ անգամ համոզվում ես, որ շատ խորհրդավոր է Հայաստանի բնությունը:
Գագաթին միասին երգեր ենք երգում, զվարճանում, հետո նստում ենք գետնին, հանգստանում, հավաքում բոլոր ուժերը և բռնում ենք վայրէջքի ճամփան:
Պարզվում է` իջնելն ավելի դժվար է, սակայն մենք անփոփոխ բարձր տրամադրությամբ երգում ենք.
-Ոտքերով խաչեր ենք դնում, գնում ենք գնում....................
Ավտոբուսի հետդարձի ճանապարհին կանգ առանք մի մեծ բացատում: Ոմանք խաղով են տարված, ոմանք էլ ուտելիքի պատրաստություն են տեսնում: Կշտանում ենք, լիցքաթափվում, շարունակում ենք ուղևորվել Երևան:
Օրեր կան, որոնք մարդու կյանքում չեն մոռացվում, դառնում են լավ գործի սկիզբ կամ գեղեցիկ հուշ: Հուսով եմ, որ Արագածը կլինի այդ օրերից մեկը:















