eng   arm   rus   

 

Տարին մեկնարկում ենք նշանակալի հաղթանակով. ԵՄՀ-ն TEMPUS IV ծրագրի մասնակից և ՀՀ կոնսորցիումի համակարգող


Եվրասիա միջազգային համալսարանը հանդես կգա որպես «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» ծրագրի հայաստանյան կոորդինատոր TEMPUS IV ծրագրի շրջանակներում: Նշենք, որ հայաստանյան կոնսորցիումի անդամներն են նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը, որոնք առաջիկա երեք տարիների ընթացքում եվրոպական գործընկերների աջակցությամբ հատուկ կարիքներով անհատների համար կստեղծեն բարձրագույն կրթություն ստանալու նոր հնարավորություններ: Ծրագրի ընդհանուր համակարգողն է Վրաստանի Իլիայի պետական համալսարանը, իսկ գաղափարի իրականացումը հնարավոր է դարձել Եվրոմիության ֆինանսական աջակցությամբ:

 

Ծրագրի նախաձեռնողներից է ԵՄՀ ռազմավարական աշխատանքների գծով պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանը (ծրագրի հայաստանյան կոնսորցիումի համակարգող), ով իր խոսքում նշեց, որ բարձրագույն կրթական համակարգում ներառական կրթության գաղափարը նոր է արմատավորվում, ի տարբերություն միջնակարգ կրթության, և բավականին անելիքներ կան ընդհանուր միջավայրի և համապատասխան օրենսդրական դաշտի ապահովման հարցում: