ԵՄՀ կայքի հարգելի´ այցելուներ,
Եվրասիա միջազգային համալսարանի համայնքի անունից սիրով ողջունում եմ կայքի այցելուներին: Իր գործունեության տարիների ընթացքում համալսարանի աշխատակազմը ջանացել է մշակել և իրականացնել ժամանակի մարտահրավերներին և պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր` միևնույն ժամանակ պահպանելով ազգային կրթական համակարգի լավագույն տարրերը:
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը տեսական գիտելիքներից և գործնական հմտություններից ու կարողություններից բացի կարևորում է օրինականության, արդարություն և ազատ մտածողություն հիմնարար արժեքների զարգացումը: Իր առաքելությունը չսահմանափակելով գիտելիքի ստեղծմամբ և փոխանցմամբ, համալսարանում գիտակցվում է օրինապահ քաղաքացու ձևավորման կարևորությունը:
Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը միջազգային համագործակցությունների և աշխատաշուկայի հետ անմիջական կապի ստեղծման միջոցով վերջին տարիներին կարողացել է վերանայել կրթության բովանդակությունը` ազգային և միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչն իր անմիջական ազդեցությունն է ունեցել ուսանողների աշխատանքի տեղավորման հարցում: Այսօր լրջագույն խնդիրը շրջանավարտներին աշխատանքով ապահովումն է և աշխատանքի տեղավորման ցուցանիշով կարելի է որոշել համալսարանի վարկանիշը: Այս տեսակետից ԵՄՀ շրջանավարտը «փնտրում եմ աշխատանք» կարգախոսը փոխարինել է «ես ունեմ աշխատանք» կարգախոսով: Ինչպես է այս կարգախոսը մեկնաբանվում. համալսարանի շրջանավարտը ոչ միայն ստանում է մասնագիտական տեսական և գործնական հմտություններ, այլև` ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով մասնակցել համալսարանական բիզնես ինկուբատորի շրջանակներում ընթացող հետազոտություններին (որոշակի ժամանակահատվածով), ստանալ գրասենյակ, ինտերնետ, տեխնիկական միջոցներ, խորհրդատվություն և այլն, որոնք բնականոն լուծում են շրջանավարտի աշխատանքի ինքնատեղավորման խնդիրը` նաև բացելով նոր աշխատատեղեր: Համալսարանն իր ուսանողի կողքին է ոչ միայն աշխատանք փնտրելիս, այլ նաև սեփականը ստեղծելիս:
Հարգելի´ այցելուներ,
ԵՄՀ-ն բաց և նորարար կրթական կառույց է և սիրով կուղեկցի վերլուծական միտք ու անձնային հասուն խառնվածք ունեցող, նպատակասլաց դիմորդներին կրթություն ստանալու և կարիերայի զարգացման ճանապարհին:
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր,
աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր` Սուրեն Օհանյան

















