arm

Համալսարանում գործող հասարակական կազմակերպությունները.

 

Սեպտեմբերի 11-ից մեկնարկում է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի, Եվրասիա միջազգային համալասարանի և «Սոցիես» հասարակական կազմակերպության համագործակցման արդյունքում կազմակերպվող «Հետազոտական հմտություններ. դասընթաց հասարակագետների համար» ծրագիրը:

Տեղեկացնում ենք, որ առաջիկայում այս բաժնում կտեղադրվեն էլեկտրոնային ուսումնական նյութեր:

Ուղերձ ապագա ուսանողներին և ծնողներին

 Գրում եմ որպես ծնող, որպես դասավանդող և որպես հայ: Խոսքս ուղղում եմ ապագա ուսանողներին, ովքեր մասնագիտական կողմնորոշման դժվարին իրավի­ճա­կում են և նրանց ծնողներին, ովքեր այս իրավիճակում նրանց խորհրդատուն են: Անշուշտ, նրանցից ոմանց համար ընտրությունն առավել մտածված է: Մի մասի համար էլ, սակայն, ընտ­րութ­յան չափանիշները շատ պարզ են` առանց երկար մտած­ված լինելու դրանք կան­խո­րոշվում են միայն ու­սում­նական հաստատության համ­բա­վով, կամ տվյալ հաստատության «հարմար» լինելով (ուղղակի բարձրագույն կրթութ­յան վկայական հեշտությամբ ստանալու հնարավորությամբ), կամ զինվո­րա­կան ծառայությունից խուսափելու հարմար տարբերակի առկայությամբ և այլն, բայց ոչ այդ կրթական հաստատության շրջանակներում մատուցվող կրթության որակով:

 Որոշումների կայացման ժամանակ բարձրագույն ուսումնական հաս­տա­տութ­յան համբավի, «հարմարության», զինվորական ծառայությունից խուսափելու հար­մար տարբերակ լինելու և նման այլ չափանիշների վրա հիմնվելը կարող է ճակա­տագ­րական լինել ապագա ուսա­նողի համար: Հայաստանյան կրթական շուկան հա­մալրում են տարաբնույթ պետական և մասնավոր ԲՈՒՀ-եր, որոնք տարբեր­վում են ըստ ուսանողների քանակի, ներքին կառա­վարման և որակի կառավարման հա­մա­կարգերի, ռազ­մա­վա­րութ­յան, բյուրո­կրա­­տացվածության չափի և այլն: Բոլոր նշված գործոններն ուղղա­կիո­րեն են ազդում ուսանողի ստացած կրթության ո­րա­կի վրա: Փորձեմ այժմ ներկա­յաց­նել առավել ընդհա­նուր չափանիշներ, ո­րոնք հուսով եմ, կօգնեն ծնողներին և ապա­գա ուսա­նող­նե­րին կողմնորոշվել և հաս­կա­նալ, թե որն է այն կրթական հաստա­տութ­­յունը, ուր կա­րելի է որակյալ կրթության ստանալ, դառնալ հմուտ մասնագետ: Եթե բարձրագույն ուսումնական հաստա­տություն ընդունվելն այլ նպա­տակներ է հետապնդում, ապա բացառե°ք այն ընտրելու հան­գամանքը: Նման դեպքում դուք ոչ միայն ինքներդ ձեզ եք վնասում, այլ նաև ձեր երկրի տնտեսությանը:      

 Նախ և առաջ, որակի կառավարման առումով հանրությանը հաշվետու համալ­սա­­րան­­­ներն են առավել խոստումնալից, ի տարբերություն «պարիսպված» հաս­տա­­տութ­­­յունների, որոնց շրջանակներում մատուցվող կրթության որակի մասին տեղե­կատ­վությունը նոր և մանրամասն չէ: Անհրաժեշտ է մտածել` որպես ապագա ուսանող արդյոք ունես բավարար հնա­րա­վո­րություններ մանրամասնորեն տեղեկա­նա­լու այն բուհի կրթական և առար­կա­յական ծրագրերին, ուր դիմում ես, կան հնարա­վո­­­րութ­­­յուն­­ներ տեղե­կա­նա­լու դասավանդման սկզբունքներին և կրթական մեթոդ­նե­րին: Բացասական պատասխանը սխալ ընտրության նախանշան է յուրաքանչյուր բուհի պարագայում: Եթե պատրաստվում ես ուսանող դառնալ, հասկացիր, որ բարձրա­գույն կրթության սպառող ես լինելու և քո կողմից բուհի ընտրությունը ժա­մա­նա­կային և ֆինանսական էական ներդրում է, հետևաբար, կրթական շուկան հետազոտելու և հաստատության վե­րա­բերյալ տեղեկատվություն ստանալու անսահ­մա­նա­փակ հնարա­վորություն ունենալը քո իրավունքն է: Բուհն ընտրելու հետ կապ­ված քեզ հետաքրքող բազում հարցադրումների շուրջ պա­տաս­­խան­ների որոնումը քո հիմնա­կան խնդիրն է, իսկ ճիշտ հարցադրումներ անելը` քո պարտավորությունն ու պա­տաս­­խա­նատ­վությունը:   

 ԲՈՒՀ-ի գործողությունների թափանցիկությունը այդ բուհում տրվող կրթության որակի կա­ռա­վար­ման հստակ մեխանիզմների առկայության նշան է: Նման հաստա­տութ­­­­յուն­ներում ուսանողն է կենտրոնում և ուսանողն է դասավանդման ու առար­­­կա­յա­կան ծրագրերի որակի վերաբերյալ առաջնային (ոչ միակ) հետա­դարձ կապն ապա­հո­վողը: Միայն այն հաստատությունը, որի գոր­ծո­ղութ­յուն­ներն ապահովում են առկա և հնարավոր (նաև քո) սպա­ռողների հետ  հետադարձ կապը, կարող է ապահովել մա­տուց­վող ծառա­յութ­յունների անընդհատ կատարելագործում: Հավելեմ նաև` թափան­ցի­կութ­յու­նը ազդակ է, որ հաստատությունը զգայուն է շուկայի պայ­ման­ների և մերօր­յա անընդհատ փոփոխվող իրականության նկատմամբ: Այս ամենը հնարավոր է հաս­կա­նալ առանց մեծ դժվա­րութ­­յունների, թեկուզ հեռախոսազանգով: Ինչպիսի վերա­բեր­մունքի արժանանաք առա­ջին իսկ զանգից (եթե, իհարկե, ստանաք պատասխան), նմա­նա­տիպ վերա­բեր­մունք էլ, թերևս, «կվայելեք» չորս, գուցե ավելի, տարիների ընթացքում:

 Երկրորդ, հայաստանյան իրականությունը առանձնահատուկ է: Հայաստանն ունի փոքր տնտեսություն, որը գլոբալ տնտե­սության մեջ թույլ է ինտեգրված: Երկրում որակավորված մարդկային կապիտալի պակասը գերխնդիր է: Բարձրագույն կրթութ­յան կա­րևո­րա­գույն խնդիրներից է պատրաստել շրջանավարտներ, ովքեր զինված են գործ­­նա­կան հմտություններով, ինչպիսիք են արդյունավետ հաղոր­դակցվե­լը, հռե­­տո­րական խոսքը, առաջնորդությունը, ստեղծա­գոր­ծա­կա­նութ­յունը, խնդիրների հաղթա­հարման և վերլու­ծա­կան հմտութ­յուն­ները և այլն: Նշված բոլոր հմտությունները հնա­րավոր է զարգացնել լսարանում փոխներգործուն` համագոր­ծակ­ցային, մեթոդների կի­րառ­մամբ: Որպես ամերիկյան բուհի պրոֆեսոր և սովե­տա­կան կրթության երբեմնի կրող` կարող եմ հավաստել, որ նման դասավանդման մեթոդներն իրա­­տե­­սա­կան չեն քսանհինգ և ավելի ուսանողներով լի լսարանում: Միևնույն ժամա­նակ, փոք­րաթիվ լսարաններն էլ չեն երաշխավորում համագործակցային մեթոդների կի­­րառումը: Փոքրաթիվ լսարաններում դասախոսի հաշվետու աշխատանքի արդ­յունքում է հնա­րա­վոր կիրառել համագործակցային մեթոդներ: Սա հնարավոր է, երբ դա­սա­խոսը գնա­հատվում է ոչ միայն բուհի համա­պատաս­խան ներկա­յա­ցուց­իչ­ների կողմից, այլ նաև ուսանողների: Բարձրագույն ուսումնական հաստատության լսա­րաններում ուսա­նողների քանակը քսանհինգից ավելի է: Բացակայում է ուսա­նողների և ԲՈՒՀ-ի ադմի­նիստրացիայի կողմից դասա­խոս­ների գնա­հատ­ման հստակ համակարգ: Այս հարցերին տրվող դրական պատաս­խա­նը ևս սխալ ընտրության նախանշան է:

 Երրորդ, հասարակության ժողովրդավարության գաղափարը թվում է` բոլորին է հուզում, սակայն չգիտես, թե ինչու վախենում ենք կրթական հաս­տա­տութ­յուններն ու լսարանները առավել ժողովրդավար դարձնելուց: Կրթական հաս­տատություններում ժողովրդա­վարական մշակույթի տարածումն ուղղակիորեն կնպաստի հաստա­տութ­յան կրթական որակի բարձրացմանը: Բուհում կան հստակ մեխանիզմներ վե­րահսկե­­լու դասախոսի աշխատանքը լսարանում: Արդյոք բուհի դասախոսները հա­մա­­­գործակցում են ուսանողների հետ և օգնում նրանց դասաժամի սահ­­մաններից դուրս: Բուհում կան արտալսարանային նախաձեռնություններ: Բացասական պա­տաս­­խանը սխալ ընտրության նախանշան է:

 Կրթական հաստատության ընտրության ճանապարհին որոշումների կա­յաց­­ման ժա­մանակ կարևորում եմ և խորհուրդ տալիս կարևորել նաև հետևյալ չափանիշները. բուհում կրե­դի­տա­յին համակարգի կիրառումը, ուսանողների կողմից առարկաների ընտրութ­յան իրական հնա­րա­վորության առակայությունը, համակարգչային լսարան­ների առկայությունը, հետազոտություններ իրականացնելու համար ուսանողին տրա­­մադրվող օգ­նութ­յունն ու հնարավորությունները, արտալսրանային միջո­ցա­ռում­ների առ­կա­յությունը, որոնք պետք է նպաստեն ուսանողների ինքնա­բա­ցա­հայտ­­մանը, ա­կա­­­դեմիական զարգացմանը, գործնական հմտությունների ձեռքբեր­մա­նը և այլն:

 Եզրափակելով` կոչ եմ անում բոլոր ապագա ուսանողներին և նրանց ծնողներին բարձ­րագույն ուսումնական հաստատություն ընտրելիս չառաջնորդվել իրենց միջա­վայ­րում առկա կարծրատիպային և համատարած մտածողությամբ. սա կարող է որոշիչ դեր խաղալ ապա­գա ու­սա­նո­ղի մասնագիտական և անհատական հետագա առաջ­խա­ղաց­ման հար­ցում: Ուսուցման տարիները պետք է լինեն արգասաբեր, մաս­նա­գիտական արագ և համակողմանի զարգացման տարիներ: Փորձե°ք գտնել ուսում­նական հաս­տա­տություններ, որոնք կստեղծեն վերո­հիշ­յալ հնարա­վո­րութ­յուն­ները ձեզ համար: 

 

Աննա Օհանյան

Քաղաքագիտության դոկտոր

Ստոնհիլ համալսարանի պրոֆեսոր

Եվրասիա միջազգային համալսարանի հիմնադիրների խորհրդի նախագահ



Վերջին փոփոխություն 29.06.2010 11:54 Տպել էջը Bookmark and Share