Սեպտեմբերի 16 2021
242134747 6513184068706728 5696160691762730495 n

2021-2022 ուսումնական տարին մեկնարկեց նաև ԵՄՀ միջազգային ուսանողների համար

Այս օրերին Եվրասիա միջազգային համալսարանում ուսանողական աշխույժ կյանքին և երիտասարդությանը բնորոշ եռուզեռ է:
Այսօր Եվրասիա միջազգային համալսարանն ընդունեց իր օտարերկրյա ուսանողներին։ Հատկանշական է այն, որ տարեցտարի ընդլայնվում է համալսարան ընդունվող միջազգային ուսանողների աշխարհագրությունը: Այս առումով, համալսարանն իրականացնում է շարունակական մշտադիտարկում՝ վերանայելով մասնագիտական կրթական ծրագրերը և հաստատելով նորանոր համագործակցություններ: Մասնավորապես, հարկ է նշել, որ Եվրասիա միջազգային համալսարանը ընդգրկված է Իրաքի Հանրապետության Բարձրագույն կրթության և գիտության ուսումնասիրությունների նախարարության կողմից հրապարակված օտարերկրյա բուհերի ցանկում, որոնց դիպլոմները ճանաչվում են Իրաքի Հանրապետության կառավարության կողմից:
Առաջին կուրսեցիների և արդեն ավարտական կուրսի ուսանողների հետ հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը․ «Ողջունում և շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա կապակցությամբ։ Առանձնահատուկ ողջունում եմ մեր առաջին կուրսեցիներին ակադեմիական կրթության նոր աշխարհ մուտք գործելու կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ տարին հաջողություններով ու նվաճումներով լի լինի, և այն նպատակները, որոնք դրել եք ձեր առջև, անպայման իրականություն դառնան։ Ցանկանում եմ հատկապես շնորհակալությունս հայտնել բարձր կուրսում սովորող ուսանողներին, որոնք իրենց փորձը տարածեցին ընկերների շրջանում և այսօր մենք ունենք միջազգային ուսանողների նոր հոսք։ Տարին հատկապես նշանակալից է ավարտական կուրսերի ուսանողների համար: Շնորհակալ եմ ձեզ անցած տարիներին ցուցաբերած առաջադիմության համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, բարի՛ երթ»:
Ուսանողներին ողջունեցին և շնորհավորեցին նաև ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, «Ֆարմացիա» մասնագիտության ամբիոնի վարիչ Նաիրա Արշակյանը, ամբիոնի վարիչի տեղակալ Քրիստինե Դանիելյանը, Միջազգային կապերի բաժնի ղեկավար Պարսա Յախուբզադեն:
Միջոցառման ավարտին համալսարան նոր ընդունված ուսանողներն ստացան իրենց ավանդական փաթեթները։