Ապրիլի 29 2021
img 2155

ԵՄՀ Գիտական խորհուրդի հաստատմամբ կկատարվեն փոփոխություններ և լրացումներ որոշ ընթացակարգերում

Ս.թ. ապրիլի 23-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Հակահամաճարակային անվտանգության կանոններից ելնելով՝ նիստը կայացավ միառժամանակ առցանց և դեմառդեմ: Խորհուրդն անդրադարձավ օրակարգում ներառված հարցերին: Մասնավորապես, նիստի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատեցին Քննությունների կազմակերպման և անցկացման կարգում որոշ դրույթների վերանայմանը, Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունների կարգում փոփոխություններ և լրացումներ անելուն, որոնց շուրջ առաջարկություններ ներկայացրեց ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիլավյանը:

Օրակարգային կետերից էր 2020-2021 ուստարվա գարնանային միջանկյալ քննությունների արդյունքների ամփոփման հարցը, որոնց շուրջ արտահայտվեցին մասնագիտական ամբիոնների վարիչները: Քննական գործընթացի կազմակերպման ընթացքը դրական գնահատելով՝ վերջիններս ներկայացրին առաջարկություններ:

Նիստին Կարիերիայի զարգացման և գործատուների հետ կապերի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանի առաջարկով անդրադարձ կատարվեց նաև ՀՀ քոլեջների հետ համագործակցության հարցին, որի արդյունքում որոշվեց ձևավորել միջին մասնագիտական հաստատությունների հետ լավագույն փորձի փոխանակման իրականացման պլատֆորմ:

Գիտխորհրդի անդամները քննարկեցին գիտակրթական գործընթացին առընչվող խնդիրները, կայացրեցին որոշումներ դրանց հաղթահարման ուղիների շուրջ:

Ամփոփելով նիստը՝ նախագահ Սուրեն Օհանյանը փաստեց, որ նիստի ընթացքում առաջ քաշված հարցերը և կայացրած որոշումները նախադրյալներ կստեղծեն ուսումնառության գործընթացների արդյունավետ կազմակերպման տեսանկյունից։