Ապրիլի 20 2017
18076608 1692270714131445 7139873517298901999 o

Բաց դռների օր և միջազգային ծրագրերի ներկայացում ԵՄՀ-ում

18056094 1692270487464801 5740758232063005114 oԵվրասիա միջազգային համալսարանում այսօր տեղի ունեցավ բաց դռների օր և միջազգային փոխանակման ծրագրերի ներկայացում։ Համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, Էրազմուս+ փոխանակման ծրագրերի համակարգող Արևիկ Օհանյանը հակիրճ ներկայացրեց համալսարանի առավելությունները, կրթական, ինչպես նաև, միջազգային շարժունության ծրագրերը։ Առավել հետաքրքրված ուսանողները հանդիպման ավարտին ԵՄՀ Կարիերայի և շրջանավարտների հետ կապի կենտրոնի ղեկավար Մերի Շահբազյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին համալսարանի տարբեր ստորաբաժանումներ, ծանոթացան ենթակառուցվածքներին և կրթական միջավայրին։

Հանդիպման ընթացքում Արևիկ Օհանյանը մանրամասն ներկայացրեց ԵՄՀ-ում առկա միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում Եվրամիության կողմից հովանավորվող (Erasmus+) և երկկողմանի համաձայնագրերի միջոցով ֆինանսավորվող փոխանակման ծրագրերը։

Արևիկ Օհանյանը հատկապես կարևորեց Վիլնիուսի պետական համալսարանի հետ իրականացվող փոխանակումը, որի շրջանակներում անսահմանափակ թվով ուսանողներ (բարձր առաջադիմությամբ) հնարավորություն ունեն ուսումնառության որոշ հատված անցնելու նշյալ բուհում՝ ստանալով անվճար կացարան, կրթաթոշակ, ինչպես նաև անվճար կրթություն Վիլնիուսի պետական համալսարանում։ Հանդիպմանը մասնակցում էին նաև լիտվացի ուսանողներ, ովքեր տվյալ փոխանակման ծրագրով այժմ ուսանում են ԵՄՀ-ում։

Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում ԵՄՀ-ն այս պահին համագործակցում է շուրջ 10 եվրոպական բուհերի հետ (ցանկը ներկայացված է ԵՄՀ պաշտոնական կայքէջում)՝ բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին հնարավորություն ընձեռելով ուսանելու եվրոպայում՝ ստանալով 750-850 եվրո ամսական կրթաթոշակ։

Հանդիպման ընթացքում փոխանակման ծրագրի մասնակցության իր փորձը ներկայացրեց Ասյա Հայրապետյանը, ով մեկ տարի ուսանել է Իտալիայի Տուշիա համալսարանում։