Փետրվարի 07 2021

Երբ աշխատանքը գնահատվում է

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Եվրասիա միջազգային համալսարանը շարունակում է հպարտությամբ կիսվել աշխատակիցների հաջողություններով՝ ձեռքբերումների գնահատմամբ և խրախուսմամբ:

Հերթական գնահատանքը ամենամյա «Տարվա լավագույն դասախոս» անվանակարգի շնորհումն է: 2020-ին ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի և Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի կողմից իրականացված պրոֆեսորադասախոսական կազմի գնահատման արդյունքներով յուրաքանչյուր ամբիոնի «Լավագույն դասախոս» անվանակարգը շնորհվել է և Գիտական խորհրդի որոշմամբ դրամական պարգևների են արժանացել ամենաբարձր միավորներ կուտակած հետևյալ դասախոսները․

· Իրավագիտության ամբիոն՝ Երանուհի Մանուկյան /փիլ․ գիտ․ թեկնածու/ և Խաչատուր Ստեփանյան /պատմ․ գիտ․ դոկտոր/

· Օտար լեզուների և գրականության ամբիոն՝ Իրինա Մխիթարյան /բան. գիտ. թեկնածու/

· Կառավարման և ՏՏ ամբիոն՝ Կառավարման և ՏՏ ամբիոն Մարինե Ղահրամանյան /տնտ․ գիտ․ թեկնածու/

· Ֆարմացիայի ամբիոն՝ Գոհար Շահինյան /քիմ․ գիտ․ թեկնածու/

Հիշեցնենք, որ համալսարանում գործում է դասախոսական կազմի գործունեության գնահատման բազմագործոն համակարգ։ Համապատասխանաբար գնահատվում է ուսումնամեթոդական աշխատանքը /փաստարկված ինքնագնահատման, ամբիոնի վարիչի և ուսանողների կողմից գնահատման միջոցով/, գիտական գործունեությունը /փաստարկված ինքնագնահատման և հետազոտական ինկուբատորի կողմից վավերացման միջոցով/ և հասարակական գործունեությունը /ամբիոնի վարիչի գնահատման, փաստերի վերլուծության միջոցով/։

Եվրասիա միջազգային համալսարանի ողջ անձնակազմը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ, շնորհավորում է ամենաբարձր միավորներ հավաքած և դրամական պարգևների արժանացած դասախոսներին՝ մաղթելով մասնագիտական նոր հաջողություններ կրթության ու գիտության ոլորտում նորարարության ճանապարհին: