Փետրվարի 03 2021
thumbnail thumbnail image 10

Համագործակցային դոկտորական ծրագրեր․ ԲՈՒՀ-արդյունաբերություն համագործակցության հնարավորությունները

Ս.թ. փետրվարի 2-ին ARMDOCT և MODEST Էրազմուս+ ծրագրերի կոնսորցիումի անդամներն առցանց հարթակում հանդիպեցին քննարկելու համագործակցային դոկտորական կրթության կազմակերպումը և համալսարան-արդյունաբերություն համագործակցության հնարավորությունները։ Նշենք, որ երկու ծրագրերն էլ ուղղված են դոկտորական կրթության բարեփոխմանը՝ Զալցբուրգյան սկզբունքներին համահունչ:

Ավելի քան հարյուր մասնակից՝ ՀՀ և ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտներ, հետազոտողներ, կրթության փորձագետներ, գործատուներ, կարողությունների զարգացմանը միտված հեռավար վերապատրաստման ընթացքում  ուսումնասիրեցին ծրագրեր գործընկեր երկրներում՝ Իտալիայում, Լատվիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում, դոկտորական համագործակցային ծրագրերի կազմակերպման պրակտիկան, ազգային քաղաքականությունը և կառուցվածքները, ծանոթացան դոկտորական կրթության զարգացման ընթացիկ մարտահրավերներին և արդյունաբերության պահանջներին:

Հայաստանում Erasmus+ գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան իր խոսքում կարևորեց բուհերի և արդյունաբերության միջև երկխոսությունը՝ հետազոտության իրականացման, դասավանդման և այլ գործընթացներում համագործակցության հաստատումն ու ամրապնդումը՝ որպես բուհի առաջընթացի առանցքային գործոն: Ըստ նրա՝ կրթություն, հետազոտություն և նորարարություն եռանկյունին համալսարանի և արդյունաբերության կողմից հմտությունների ու գիտելիքների զարգացման ընդհանուր շրջանակի ձևավորում են, իսկ հետպատերազմյան այս ժամանակաշրջանում առավել քան կարևոր է այս ծրագրերի անդամ եվրոպական և հայաստանյան գործընկերների հետ համատեղ փորձել ստեղծել որակյալ համագործակցություն ակադեմիական աշխարհի և արդյունաբերության միջև:

ARMDOCT ծրագրի համակարգող, Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանը կարևորեց վերջերս ՀՀ Ազգային ժողովի նիստում բուհերի և արդյունաբերության ներկայացուցիչների համատեղ հանդիպում-քննարկումը և նշեց, որ առաջիկա ARMDOCT ծրագրի երկրորդ աշխատանքային փաթեթի քննարկմանը կներգրավվեն արդյունաբերության ներկայացուցիչներ, կներկայացվեն բուհ-արդյունաբերություն համագործակցության հայաստանյան լավագույն օրինակները:

MODEST ծրագրի համակարգող, Լատվիայի համալսարանի ուսումնասիրությունների զարգացման և կառավարման բարելավման ծրագրի ղեկավար Ինգա Սկինդերեն ներկայացրեց դոկտորական կրթության բարեփոխման Լատվիայի փորձը՝ որպես մարտահրավերներին արագ արձագանքող համակարգի: Ըստ զեկուցողի՝ դոկտորական կրթության մրցակցային նոր մոդելի առանցքը վերջինիս միջազգայնացումն է` միջազգային ուսանողների, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի  ակտիվ ներգրավմամբ  և արդյունաբերության հետ կապը, խոսեց մրցակցային առավելություններից:

Առցանց վերապատրաստումն ամփոփեց ծրագրերի եվրոպացի համագործակիցների մասնակցությամբ քննարկումը: