Հոկտեմբերի 04 2017
IMG 4343 04 10 17 03 47

Դասախոս-ուսանող համատեղ գիտագործնական սեմինար «Օրենքի և բարոյականության դերը`որպես հասարակական կյանքի կարևորագույն կարգավորիչներ» թեմայով

FullSizeRender 04 10 17 03 47 1Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնը ս․թ․ հոկտեմբերի 3-ին կազմակերպել էր գիտագործնական սեմինար «Օրենքի և բարոյականության դերը` որպես հասարակական կյանքի կարևորագույն կարգավորիչներ» թեմայով։ Սեմինարը կրում էր ուսանողակենտրոն բնույթ․ մասնավորապես ԵՄՀ իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Հովասափյանի հետ թեման ներկայացնում էին նաև «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները:

Սեմինարը բաղկացած էր երեք մասից։ Առաջին մասում Ա․Հովասափյանը ներկայացրեց օրենքի և բարոյականության բնորոշումները, առաջացման գործոնները, ընդհանրությունները և հասարակության մեջ վերոհիշյալ նորմերի ունեցած դերը։

Երկրորդ հատվածում ուսանողների օգնությամբ գծապատկեր կազմվեց, որը պատկերավոր կերպով ներկայացնում էր իրավունքի և բարոյականության տարբերությունները։ Գծապատկերի կազմումը իրականացվեց ինտերակտիվ ձևով՝ ներկաների ակտիվ մասնակցությամբ։

Սեմինարի վերջին մասում դասախոսի կողմից կիրառվել էր իրավիճակային հետազոտության «Case study»  մեթոդը։ Մասնավորապես 4-րդ կուրսի ուսանող Կ․ Պոտոսյանը առաջարկեց վերլուծել հետևյալ իրավիճակը իրավական և բարոյական տեսանկյուններից․ «Զինծառայողը,մեկ օր զորամասից դուրս գտնվելուց հետո, սոված լինելու պատճառով մտել է  ԼՂՀ-ի քաղաքացու բնակարան և նրա  սառնարանից գողացել մեկ թթվասեր, 2 հատ հաց, 1 հատ երշիկ և 1 հատ հյութ», այնուհետև 4-րդ կուրսի ուսանող Է․ Ասատրյանը ներկայացրեց մեկ այլ իրավիճակ․ «Մանկապարտեզի դաստիարակը, ով բարձրաստիճան պաշտոնյայի քույրն է, պարբերար ձեռքի ուժ է կիրառում երեխաների նկատմամբ»։ Վերջին իրավիճակը վարարտադրեց 4-րդ կուրսի ուսանող Հ․ Գալստյանը, մասնավորապես այն կայանում էր հետևյալում․ «Ձեր ընկերը, օգտվելով Ձեր վստահությունից, գողանում է Ձեր համակարգչից կարևոր բիզնես-նախագիծ և Ձեր փոխարեն արժանանում բարոյական և ֆինանսական խրախուսման»:

Երեք իրավիճակների շուրջ ծավալվեց բուռն և հետաքրքիր քննարկում․ ունկնդիրները ակտիվորեն կարծիքներ էին հայտնում  իրավիճակների բարոյական և իրավական կողմերի շուրջ։ Քննարկումներից հետո ներկայացնող ուսանողներն ընթերցում  էին իրենց իրավիճակների օրենսդրական կարգավորումները։ Ամեն իրավիճակի վերլուծության ավարտից հետո իրենց փորձագիտական կարծիքն էին հայտնում Իրավագիտության ամբիոնի վարիչ Ռ․ Պետրոսյանը, ԵՄՀ ռեկտոր Ս․ Օհանյանը և Իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Ն․ Ջոմարդյանը։

Սեմինարի վերջում ցուցադրվեց փոքրիկ տեսահոլովակ, որը վերաբերում էր տարբեր երկրներում կալանավորների նկատմամբ կիրառվող բարոյական նորմերի աստիճանին և ուղիղ համեմատական անցկացվեց հայաստանյան կալանավայրերում տիրող բարոյական իրավիճակի հետ։