Դեկտեմբերի 18 2019
IMG 8962 scaled

Դատախաղ «Համասեփականատեր ճանաչելու պահանջի մասին»

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանի դատական նիստերի դահլիճում «Քաղաքացիական դատավարություն» առարկայի շրջանակներում (դասախոս՝ Արմինե Չոբանյան) տեղի ունեցավ «Համասեփականատեր ճանաչելու պահանջի մասին» դատախաղ-բաց դաս, որին մասնակցեցին «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:

Ուսանողները  հանդես   եկան   դատավորի, նիստերի քարտուղարի, կողմերի ներկայացուցիչների դերերում: Դատախաղն ուղղված էր քաղաքացիական դատավարության մասին օրենսդրության նորմերը գործնականում կիրառելուն, գործնական կարողություններն ու հմտությունները զարգացնելուն:

«Ոտքի՛, դատարանն է գալիս» հրահանգից հետո դատական նիստերի դահլիճում քար լռություն տիրեց: Դատավոր, «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մկրտչյանը դատական նիստը համարեց բացված: Ապագա իրավաբանին բնորոշ համարձակությամբ և ինքնավստահությամբ, առանց կաշկանդվելու դատավարության կողմերը ներկայացրին իրենց պահանջներն ու առարկությունները: Դատական նիստը կասեցվեց դատափորձագիտական միջնորդությունը բավարարելու հիմքով, որի վերաբերյալ կայացվեց համապատասխան որոշում։

Դատախաղից հետո ԵՄՀ դասախոսներն ու  ուսանողները քննարկեցին դատախաղի ընթացքը:      Դատախաղին ներկա էր նաև ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։ Ամփոփման իր խոսքում ռեկտորը կարևորեց նախագծային ուսուցումը իրավագիտության ոլորտում և այսօրինակ դատախաղերը՝ որպես տեսական գիտելիքները ամրապնդելու ու գործնականում կիրառելու հնարավորություն։