Հունիսի 24 2021
img 6647

ԵՄՀ ուսանողները հյուրընկալեցին ՀՀ-ում ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Եվրասիա միջազգային համալսարանի դասընթացների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանի և ՀՀ-ում ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատար, հյուպատոս տիկին Ահլամ ալ Սալամիի հետ:

Տիկին Սալամիին բուհում առաջինը դիմավորեց ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։ Հանդիպման ընթացքում մեծարգո հավատարմատարը  ծանոթացավ բուհի կրթական ծրագրերին, որակի ապահովման մոտեցումներին և ուսանողներին ներկայացվող պահանջներին, քննարկվեցին երկու երկրների՝ Հայաստանի և ԱՄԷ-ի բարձրագույն կրթական համակարգերի առանձնահատկություններն ու վերջիններիս համապատասխանելիությունը ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին:

Այցի շրջանակում տիկին Սալամին հանդիպեց ԵՄՀ ուսանողներին և «Պատանի դիվանագետի» դպրոցի աշակերտներին,  որի ընթացքում քննարկվեց հայ-էմիրաթյան հարաբերությունները արդի փուլում: Իր խոսքում տիկին Սալամին նշեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունները մշտապես աջակցում է երիտասարդներին ոչ միայն ԱՄԷ-ում, այլ նաև աշխարհի բոլոր երկրներում՝ այդ թվում ՀՀ-ում։
Ուսանողները տիկին Սալամին ուղղեցին տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին ԱՄԷ-ի կառավարության կողմից երիտասարդների նորարար գաղափարների խրախուսմանը, Հայաստանի Հանրապետության և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը, օրինակելի փորձի տեղայնացմանը և այլն:

Հանդիպման երկրորդ մասում ԵՄՀ ուսանողներին  առցանց հարթակի միջոցով հանդիպեց  ԱՄԷ Ազգային արխիվի հայտնի հետազոտող Աիշա Բիլխեյրը: Վերջինս ներկայացրեց կնոջ դերը դիվանագիտության մեջ՝ մասնավորապես շեշտը դնելով  կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման վերաբերող մի շարք հարցերի վրա: Հանդիպման մասնակիցներին հետաքրքրեց նաև այս ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ավարտին տիկին Սալամին ԱՄԷ Ազգային արխիվի անունից ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանին նվիրեց գրքեր: Բուհի ռեկտորը, գոհունակություն հայտնելով, բարձր գնահատեց տիկին Սալամիի պատրաստակամությունը՝ հանդիպելու ուսանողներին, վստահեցրեց, որ վերջինիս նվիրած գրքերը հատուկ տեղ կգտնեն բուհի գրադարանում: