Հունիսի 14 2022
դավթյան 848x450 1

Էլյա Դավթյան. Առաջադիմության հետ մեկտեղ լինել նաև նպատակասլաց

Էլյա Դավթյանը 2017 թ.-ից ի վեր դասավանդում է Եվրասիա Միջազգային Համալսարանում։ 2019թ. ընդունվել է նույն բուհի ասպիրանտուրա և Էրազմուս+ ծրագրի շրջանակներում գործուղվել Եվրոպա՝ ուսումը շարունակելու առաջարկով։ Հանդիսանում է վեց գիտական և մեկ միջազգային հոդվածների հեղինակ։ Տիրապետում է հինգ լեզվի։ Առաջիկայում աշխատանքին զուգահեռ պատրաստվում է պաշտպանության ներկայացնել իր ատենախոսությունը։

– Հարգելի տիկին Դավթյան, Դուք, որպես դասախոս, ոչ միայն հարգված, այլև շատ սիրված եք Ձեր ուսանողների կողմից։ Ասացեք խնդրեմ արդյո՞ք դասախոս դառնալը եղել է Ձեր երազանք-նպատակը…։

– Դասավանդելն իմ վաղեմի երազանքն է եղել։ Շրջապատի մարդիկ մշտապես նկատում էին, որ ինձ մոտ նյութը մատուցելը հաջողվում է, իսկ ես սիրում էի դպրոցական տարիքից ընկերներով հավաքվել և բաց-դաս ներկայացումներ բեմադրել: Ինձ համար ուսանողների հետ աշխատելը իրապես մեծ բավականություն է:

– Ըստ Ձեզ ո՞րն է դասախոսի ամենամեծ պատասխանատվությունը։

– Կարծում եմ, որ դասախոսի մեծագույն պատասխանատվությունը պարտաճանաչության, ուսանողակենտրոնության և աշխատասիրության մեջ է։

– Ի՞նչը կարող է Ձեզ` որպես դասախոսի, հիասթափեցնել, և, հակառակը, ինչի՞ց եք Դուք ոգեշնչվում։

– Ինձ կարող են հիասթափեցնել չսովորող, ուսման հանդեպ անտարբեր ուսանողները։ Իսկ սովորող, աշխատասեր ուսանողներն ինձ շատ են ոգեշնչում։

– Երբևէ մտածե՞լ եք այլ մասնագիտություն ունենալու մասին։ Եթե չլինեիք մանկավարժ, ապա ի՞նչ մասնագիտություն ընտրած կլինեիք։

– Շատ փոքր տարիքում երազել եմ դառնալ բորտուղեկցորդուհի, բայց արդեն 4-5-րդ դասարաններում հստակ որոշել էի դառնալ ֆրանսերեն լեզվի մասնագետ։

– Ո՞րն է դասախոս-ուսանող լավագույն փոխըմբռնման և հարաբերության գրավականը։

– Կարծում եմ գլխավորն ազնվությունն ու փոխադարձ վստահությունն է։ Քանի որ ունեմ ուսանողներ, որոնք թեպետ առաջադիմությամբ չեն փայլում, սակայն մեծ հարգանք են վայելում իմ կողմից։ Դասերին ներկայանում են պարտաճանաչ և երկուստեք հարգանքը ամենակարևորն է:

– Ըստ Ձեզ ո՞րն է այսօրվա ուսանողության գլխավոր թերությունը, և ո՞րն է նրա ամանամեծ առավելությունը։

– Որպես այսօրվա ուսանողության գլխավոր թերություն՝ կարող եմ նշել ուսանողների մի փոքր անտարբերությունը, իսկ որպես մեծագույն առավելություն՝ նպատակասլացությունը և համարձակությունը։ Լավ է, որ չեն զլանում սովորելուն զուգահեռ նաև աշխատել։ Եվ դա ինձ իսկապես շատ է ոգևորում։

– Ձեր ուսանողների թվում կան ոչ միայն հայեր, այլև՝ օտարերկրացիներ: Կարծում եմ, որ դասավանդելու ընթացքում զվարճալի դեպքեր ևս գրանցվում են, կհիշեք որևէ մեկը:

– Իմ արաբ ուսանողներից մեկը մի օր ինձ մի տուփ քաղցրեղեն նվիրեց, որը որոշեցի վայելել կոլեգաներիս հետ սուրճի ժամին։ Դեռ նոր էինք հասցրել տուփը բացել և օգտվել, երբ նա դուռը թակեց և ինձ խնդրեց վերադարձնել քաղցրեղենը, քանի որ սխալ տուփ էր ընտրել:

-Եվ վերրջում, ի՞նչ խորհուրդ-պատգամ կտաք Ձեր ուսանողներին։

-Լինել համառ, նպատակասլաց։ Երբևէ չընկճվել դժվարություններից ու քայլել միշտ առաջ։ Սակայն, նախ և առաջ, լինել լավ մարդ, ազնիվ և կարեկցող ՄԱՐԴ։

-Շնորհակալ ենք հետաքրքիր հարցազրույցի համար։ Մաղթում ենք հաջորղություն առաջիկա ատենախոսության պաշտպանության գործում։

– Ես նույնպես շնորհակալ եմ։ Բոլոր ուսանողներին մաղթում եմ քննական շրջանում բարձր միավորներ:

Հեղինակ՝ Արփինե Շահմուրադյան

Ֆրանսերեն լեզու և գրականություն, բակալավր, 1-ին կուրս