Հունիսի 05 2018
Image 1 1

ԵՄՀ Կառավարման մագիստրոսի զեկույցը Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում

2018թ. մայիսի 29-31-ը միջբուհական համագործակցության շրջանակներում ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կայացավ ուսանողական 15-րդ գիտական կոնֆերանսը, որը կրում էր «Ռազմաուսումնական հաստատություններում ռազմական մասնագետների պատրաստության հիմնախնդիրները» խորագիրը:

Կոնֆերանսին «Ռազմակրթական ոլորտում կրթության կառավարման հիմնահարցերը» թեմայով զեկուցման հայտ էր ներկայացրել ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Մանասյանը:

Գիտաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Ա.Ղահրամանյանը, ով ողջունեց գիտաժողովի մասնակից կուրսանտներին, համագործակից բուհերի ուսանողներին՝ ի դեմս Եվրասիա միջազգային համալսարանի, և կարևորեց գիտաժողովի ընթացքում բարձրաձայնված խնդիրները, որոնց ուղղությամբ ևս, ինչպես նախորդ գիտաժողովների դեպքում,  բուհը կմշակի ռազմավարական ծրագրեր՝ ուղղված կրթության ոլորտի կատարելագործմանը: Այնուհետև համալսարանի գիտության և կրթության որակի ապահովման բաժնի պետ, ռ.գ.թ., գնդապետ Գ.Ասրյանի ներկայացմամբ օրակարգով սահմանված կարգով մասնակիցներն անցան զեկույցների ներկայացմանը:33831257 1730937390327904 8816835923246317568 n

ԵՄՀ մագիստրոս Արմինե Մանասյանի զեկույցում տեղ գտած հիմնախնդիրները առնչվում էին ժամանակի մարտահրավերներին համապատասխան ռազմական մասնագետների պատրաստմանը, ռազմական բուհի կառավարման աշխատանքի կազմակերպմանը, միջազգային համագործակցություններին, Բոլոնյան գործընթացի դրույթները ամբողջապես կյանքի կոչելու դեպքում ի հայտ եկող հիմնախնդիրներին: Վերոնշյալ հիմնախնդիրներին զուգահեռ զեկուզողի կողմից առաջարկվեցին լուծման հնարավոր ուղիներ: Զեկույցի շրջանակներում ներկաների կողմից Ա.Մանասյանին ուղղվեցին մի շարք պարզաբանող հարցեր: Ելույթի ավարտից հետո առաջ քաշված հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:

Եռօրյա գիտաժողովի ավարտին զեկուցողներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր:

Հավելենք, որ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կայացած ուսանողական 15-րդ գիտական կոնֆերանսին ներկայացրած  թեզերը տպագրվելու են բուհի ձեռնարկում:

Եվրասիա միջազգային համալսարանը ողջունում է նմանատիպ միջոցառումները և խրախուսում է միջբուհական համագործակցությունները:

ԵՄՀ-ն շնորհավորում է Արմինե Մանասյանին հրաշալի ելույթի համար՝ մաղթելով նմանատիպ բարձունքների շարունակականություն: