Հունվարի 26 2018
IMG 0210

ԵՄՀ ուսանողները կհետազոտեն թեմաներ գործատուի պատվերով

IMG 0227

2018թ հունվարի 26-ին ԵՄՀ «Տեմպուս» սրահում Կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կառավարման բակալավրի և մագիստրատուրայի մասնագիտության  կրթական ծրագրերի վերջնարդյունքների  քննարկում: Քնարկմանը ներկա էին նույն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը,  Գործատուների միության նախագահ, ԵՄՀ կառավարման խորհրդի անդամ Գագիկ Մակարյանը, ոլորտի մասնագետներ  և ուսանողներ: Հանդիպման հիմնական նպատակն էր դիտարկել կրթական ծրագրերի նպատակների, խնդիրների, վերջնարդյունքների համապատասխանությունը աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը, ով ընդգծեց նման քննարկան կարևորությունը՝ որպես արտադրության պահանջներին մոտ կրթական բարեփոխումների իրականացման հիմք, ինչպես նաև բուհ-գործատու կապի ամրապնման անկյունաքար:  Այնուհետև հանդիպումը շարունակեց Գ. Մակարյանը, ով իր խոսքում շեշտեց, որ բուհերը պետք է կարևորեն որակական առումով կրթության համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին՝ համեմատելով ՀՀ  աշխատուժի արտադրողականությունը ԵՄ երկրների հետ: Իր խոսքում Գ. Մակարյանը հայտնեց իր մտահոգությունը՝ մեջբերելով, որ բուհ ավարտածների շատ քիչ տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ, ինչն իր հերթին կանգնեցնում է տնտեսությանը լուրջ վտանգի առջև: Նա կարևորեց ուսանողի՝ թվային տեխնոլոգիաների կիրառումը, լեզուների իմացությունը, տարբեր աղբյուրներից օգտվելու, տեղեկատվությունը կառավարելու,  մենեջերի ձգտումը որակի ապահովման գործում: Նա առաջարկեց, որ ԵՄՀ-ն ևս կառավարում մասնագիտության ուսանողի մոտ ձևավորի հետազոտական և վերլուծական մտածելակերպ՝ այդ կերպով մոտեցնելով վերջինիս աշխատաշուկային: Այս հարցի շուրջ արտահայտվեց ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ա. Օհանյանը, ով փաստեց, որ ԵՄՀ-ն իրականացնում է դասախոս-ուսանող հետազոտական աշխատանքներ,  և որպես խրախուսում՝ նախատեսում է նաև դրամաշնորհային ծրագրեր այս ուղղությամբ: Ողջունելով Ա. Օհանյանի առաջարկը՝ Գ.Մակարյանը շարունակեց իր խոսքը՝ առաջարկելով տեսական գրականությանը զուգահեռ կիրառել նաև  ազգային (այդ թվում Գործատուների ազգային միության) և միջազգային կազմակերպությունների վերլուծական զեկույցները (Transparency International և այլն)։ Գ. Մակարյանն առաջարկեց նաև խորապես ուսումնասիրել միջազգային հռչակագրերը, ԵՄ համաձայնագիրը և ԵԱՏՄ պահանջները, որպեսզի ուսանողները պատրաստ լինեն ինտեգրման գործընթացներում առավել արդյունավետ գործելու։ Ըստ բանախոսի՝ անհրաժեշտ է ուսումնասիրել ապրանքների և ծառայությունների շուկան և ցանկը՝ հստակեցնելով արտադրության և ծառայությունների մատուցման գործընթացը և այդ գործընթացում մրցունակ աշխատուժ լինելու նպատակով անհրաժեշտ հմտությունները։

Գ․ Մակարյանը հատկապես կարևորեց հետազոտական ծրագրերում ուսանողների և գործատուների համատեղ ներգրավումը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ավարտական աշխատանքների, ատենախոսությունների թեմաները նախապես համաձայնեցնել միության հետ, որը միության անդամներից հավաքագրված հետազոտական խնդրները կառաջադրի ուսանողներին և դասախոսներին։ ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ա. Օհանյանը ներկայացրեց ԵՄՀ-ում առկա ներքին դրամաշնորհների հնարավորութունը՝ առաջարկելով տվյալ ծրագրի շրջանակներում նույնպես իրականացնել գործատուների հետաքրքրություններից բխող վերլուծություններ։ Կողմերը որոշեցին առաջիկա ներքին դրամաշնորհային մրցույթը հայտարարել Գործատուների Միության հետ համատեղ։

IMG 0221

Քննարկմանը իրենց առաջարկներով հանդես եկան նաև կառավարման ամբիոնի վարիչ Ա.Մարդոյանը և դասախոսներից Լ.Ավետիսյանը, ովքեր հատկապես կարևորեցին պրակտիկաների և կամավորական աշխատանքների կազմակերպման ընթացքում միության աջակցությունը։  Այս առումով Գ․ Մակարյանը նշեց, որ տիրապետում է միության բոլոր գործատուների խնդիրներին և կարող է իրականացնել պրակտիկաների առավել նպատակային կազմակերպում։ Գործատուները նույնպես ունեն աջակցության կարիք և ընթացիկ աշխատանքներում սիրով կներգրավեն կամավորներին։ ԵՄՀ ՈԱ կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը նշեց, որ այժմ բուհը մշակում է գործիքակազմ՝ ուսանողի կամավորական աշխատանքը կրեդիտի վերածելու և ավարտական փաստաթղթում արտահայտելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ մասնագիտության կրթական ծրագրերի վերամշակման նպատակով իրականացվել է ազգային ու միջազգային բենչմարքինգ, վերամշակվել են ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության գծով վերջնարդյունքները, որոնք գնահատել և դրանց մասին փորձագիտական կարծիք են տվել գործատուները: Գնահատմանը մասնակցել են նաև ուսանողներ և դասախոսներ, շրջանավարտներ։ Այս գնահատումների սահմաններում պարբերաբար իրականացվել են գործատուների հետ հանդիպումներ: