Հուլիսի 04 2019
IMG 2958

ԵՄՀ-ն հրատարակել է «Բացերն իրավունքում և Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ» պատմատեսական-իրավական և գիտագործնական հետազոտությունը

Լույս է տեսել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի օգնական, ՀՀ պետական ծառայության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Գարեգին Պետրոսյանի հեղինակած «Բացերն իրավունքում և Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ» պատմատեսական-իրավական և գիտագործնական հետազոտությունը, որը երաշխավորված է Եվրասիա միջազգային համալսարանի գիտական խորհրդի կողմից:

Սույն աշխատանքում, ՀՀ գործող օրենսդրության, սահմանադրական և ընդհանուր իրավասության դատարանների պրակտիկայի, ինչպես նաև հայրենական ու արտասահմանյան իրավաբանական գրականության, պատմատեսական-իրավական և գիտագործնական վերլուծության հիման վրա, ժամանակակից իրավահայեցողությանը համապատասխան համալիր ուսումնասիրվել են իրավունքի բացերի պատմական ըմբռնման հասկացությունն ու նշանակությունը, բացերի առաջացման պատճառները, բացահայտման տրամաբանական և իրավաբանական մեթոդաբանությունը, հաղթահարման (վերացման և լրացման) հիմնական եղանակները, իրավաստեղծ գործունեությունն ու իրավունքի և օրենքի համանմանության կիրառումը։ Անդրադարձ է կատարվել նաև իրավական բացերի հաղթահարման օժանդակ եղանակներին՝ իրավունքի նորմերի սուբսիդիար և գործարար շրջանառության սովորույթների կիրառմանը, իրավունքի նորմերի մեկնաբանմանը, դատական նախադեպին և դատական հայեցողությանը։

Աշխատությունն օգտաշատ կարող է լինել իրավաբան գիտնականների, պրակտիկ իրավաբանների, իրավակիրառ գործունեություն իրականացնող պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև իրավաբանական բուհերի ուսանողության համար։