Ապրիլի 18 2019
IMG 8052

ԵՄՀ –ում հետազոտական պրակտիկան ավարտեց Լյուբլինի Հովհաննես Պողոս II կաթոլիկ համալսարանի (Լեհաստան) պրոֆեսորը

IMG 8064Լյուբլինի Հովհաննես Պողոս II կաթոլիկ համալսարանի (Լեհաստան) պրոֆեսոր Վոյչեխ Լիսը եռամսյա վերապատրաստում անցնելու նպատակով գտնվում էր Եվրասիա միջազգային համալսարանում։ Պրոֆեսորը, ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավ․դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանի ղեկավարությամբ, անցավ հետազոտական պրակտիկա՝ «ՀՀ-ում զանգվածային լրատվամիջոցների խոսքի ազատությունն ու գործունեությունը» թեմայով Լեհաստանի ակադեմիական փոխանակման ազգային գործակալության «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում 2015-2018թթ․համագործակցության մասին» գործնական ծրագրի շրջանակներում։

Հետազոտությունն իրականացնելու նպատակով պրոֆեսորը հանդիպումներ ունեցավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի, Երևանի մամլո ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանի, «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանի, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էմմա Հակոբյանի հետ։ Հետազոտության շրջանակում պրոֆեսոր Լիսը դիտարկեց ԶԼՄ-ների գործունեությունը և լրագրողների աշխատանքը, իրականացրեց նորմատիվ իրավական ակտերի վերլուծություն։

«Ես շատ ուրախ եմ, որ ընձեռվեց հնարավորություն հետազոտական պրակտիկաս անցնել Եվրասիա միջազգային համալսարանում։ Շնորհակալ եմ ԵՄՀ անձնակազմին՝ գիտական նյութերով ապահովելու, հանդիպումները կազմակերպելու գործում ցուցաբերած բացառիկ աջակցության համար։ Ազատ ժամանակ բացահայտեցի Հայաստանն ու Երևանը, ծանոթացա նոր մարդկանց հետ, ձեռք բերեցի նոր փորձ։ Առավել հետաքրքիր էր պարզել, որ այսեղ կա նաև լեհական փոքր համայնք»,- հրաժեշտի ժամանակ ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի հետ իր տպավորություններով կիսվեց պրոֆեսոր Լիսը։

Հավելենք, որ հետազոտության արդյունքները կտպագրվեն Եվրասիա միջազգային համալսարանի «Բանբեր» պարբերականում։