Հունվարի 09 2024
416061268 798085835697338 7095237735108984353 n

«Էրազմուս+»-ը գիտելիքները հարստացնելու նոր հնարավորություն էր

Եվրասիա միջազգային համալսարանի «Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Սիլվա Հայրիյանը և Օքսաննա Գրիգորյանը այս օրերին Էրազմուս+ ուսանողների միջազգային փոխանակման ծրագրի շրջանակում ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնում են Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելլա համալսարանում:

«Յուրաքանչյուր ուսանողի երազանքն է սովորել և ուսումը շարունակել արտերկրում, և այդ հնարավորությունը մեզ տվեց Եվրասիան, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք մեր բուհին: Այստեղ մեր առօրյան անցնում է բավականին հագեցած. վաղ առավոտյան սկսվում են դասերը, որոնք լի են հետաքրքիր պահերով, օրինակ` Ամանորին ընդառաջ դասախոսները դասերը իրականացնում էին թեմատիկ միջավայրում, ինչn էլ ավելի է ոգեշնչում ուսանողներին դասերին ակտիվ լինել, իսկ վերջում դասախոսները մեզ որպես նվեր տալիս էին քաղցրավենիք»,-պատմում է Սիլվան։

Օքսաննան զրույցի ժամանակ ընդգծում է, որ Հայաստանում ստացած գիտելիքները շատ են օգնում իրենց դասերի ժամանակ և վստահորեն կարող են փաստել, որ Եվրասիայում ստացած գիտելիքները շատ մրցունակ են և օգնում են իրենց հաղթահարել եվրոպական կրթականծրագիրը. «Բոլոր այն ուսանողները, ովքեր երկմտում են դիմել, թե չդիմել Erasmus+ ծրագրի համար, ապա առանց երկմտելու հորդորում ենք դիմել, քանի որ այն ոչ միայն կընդլայնի նրանց աշխարհայացքը, այլ նաև այդ ծրագրի շնորհիվ կծանոթանան տարբեր մարդկանց, տարբեր մշակույթների հետ, կդառնան որպես անհատ ավելի ուժեղ և ինքնավստահ, ինչը մեր օրերում շատ կարևոր է»։

Քննաշրջանի ավարտից հետո Սիլվան և Օքսանան կվերադառնան Հայաստան կրկին ուսումը շարունակելու և մասնագիտական նոր հաջողություններ գրանցելու նպատակասլացությամբ: