Մարտի 01 2018
IMG 0546

Գիտագործնական սեմինար « Գունանունները լեզվամշակույթի հայեցակետից » թեմայով

IMG 05392018 թվականի փետրվարի 28-ին Եվրասիա միջազգային համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտագործնական սեմինար «Գունանունները լեզվամշակույթի հայեցակետից» թեմայով, որին ներկա էին ԵՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները: Հանդիպումը վարեց նույն ամբիոնի դասախոս,  դոցենտ Քրիստինե Հարությունյանը: Թեմայի շրջանակներում Ք.Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց գույներն  ու գունաճանաչողությունը ժամանակակից անգլերենում և մշակույթում առհասարակ՝ մինչ այդ կատարելով պատմական անդրադարձ: Գունաճանաչողության մասին խոսելիս բանախոսը նշեց, որ չնայած գույների նյութեղեն ուսումնասիրությամբ զբաղվում են այնպիսի գիտություններ, ինչպիսիք են քիմիան և ֆիզիկան, այդուհանդերձ տարբեր մշակույթներ կրող անհատների և հասարակության մոտ այն ընկալվում է տարբեր կերպ: Այս ուղղությամբ ուումնասիրություններ են իրականացնում հոգեբանությունը, արվեստաբանությունը, գրականագիտությունը, ոճագիտությունը և այն: Բանախոսը անցկացրեց զուգահեռներ հայերենի, ռուսերենի և անգլերենի միջև՝ ցույց տալով միևնույն գույնի կիրառման և ըմբռնման նմանություններն ու տարբերությունները տարբեր լեզուներում՝ որպես լեզվի համեմատական ուսումնասիրման կարևորագույն աղբյուր: Այնուհետև հանգամանալից խոսեց տարբեր լեզուներով դարձվածքներում գույնի իմաստային կիրառման, տարբեր մասնագիտություն ունեցող մարդկանց գունաճանաչման առանձնահատկությունների մասին՝ միջբերելով կոնկրետ օրինակներ: Ք.Հարությունյանը միևնույն ժամանակ փաստեց մի խումբ տեսաբանների ուսումնասիրություններն այն մասին, որ միևնույն գույնը կարող է տարբեր զգացողություններ առաջացնել տարբեր մարդկանց մոտ և հակառակը, նաև տարբեր տարիքի և հակառակ սեռերի մոտ ունենալ ընկալման տարբեր մակարդակներ:             Բովանդակալից տեղեկատվությամբ հագեցած հանդիպումը  առանձնացավ մասնակիցների կողմից կազմակերպված քննարկումներով, որը ևս մեկ անգամ ընդգծեց թեմայի արդիականությունն ու հետաքրքրությունը:

Որպես հանդիպման վերջաբան՝ Ք.Հարությունյանը ներկաներին նվիրեց համանուն թեմայով իր հեղիանկային գիրքը: