Դեկտեմբերի 16 2016
IMG 1977 2

Գիտագործնական սեմինար «Հանքարդյունաբերության ոլորտում առկա հիմնախնդիրները» թեմայով

IMG 1979Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնի նախաձեռնությամբ 2016թ. դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ գիտագործնական սեմինար` «Հանքարդյունաբերության ոլորտում առկա հիմնախնդիրները («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ օրինակով») թեմայով, որը վարում էր Կառավարման և ՏՏ ամբիոնի վարիչ` տ.գ.թ. դոցենտ Աշոտ Մարդոյանը: Ա.Մարդոյանը  ներկայացրեց  Եվրասիա միջազգայի համալսարանի ներքին դրամաշնորհի շրջանակներում արված իր հետազոտությունը, որն իրականացվել էր սույն թվականի օգոստոսի 22-25-ը ընկած ժամանակահատվածում: Հետազոտության համար Ա.Մարդոյանը   այցելել էր Քաջարանի հանքավայր` առկա բնապահպանական հիմնախնդիրները տեղում բացահայտելու նպատակով, քանի որ այդ հիմնախնդիրները  վերջին ժամանակներում հանրության շրջանում առաջացրել էին բուռն քննարկումներ:

Բանախոսը լսարանին մանրամասն ծանոթացրեց ՀՀ հանքարդյունաբերության պատմությանը` սկսած 18-րդ դարի վերջից, ներկա տիրող իրավիճակին և զարգացման միտումներին: Հատկանշական է, որ այցի ընթացքում  նկարահանվել էր երեսուն րոպե տևողությամբ ֆիլմ, ինչը ներկայացվեց սեմինարի ժամանակ:  Այդ ֆիլմի շնորհիվ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը ականատես եղան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդյունահանման ողջ տեխնոլոգիական ցիկլին՝ սկսած բուն Քաջարանի հանքավայրից մինչև Արծվնիկի պոչամբար: Արդյունահանում-մշակում ցիկլում տեսանյութի միջոցով Աշոտ Մարդոյանը հանգամանալից ցույց տվեց տիրող իրավիճակը և առկա բացթողումները: Հետազոտության  ընթացքում բացահայտվել էին տնտեսա-էկոլոգիական բնույթի հիմնախնդիրներ, որոնց մեղմացման համար առաջարկվեց մի շարք լուծումներ:

Ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից զեկուցումը ընդունվեց մեծ ոգևորությամբ, քանի որ հետազոտությունը ներկայացվում էր բավականին ինքնատիպ՝ բուն հետազոտության օբյեկտ հանդիսացող կառույցում:

Ավարտին  ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի կողմից առաջարկ եղավ հաջորդ տարվա գարնանը ՀՀ բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ իրականացնել առանձին գիտաժողով, որի հիմնական նպատակը կհանդիսանա բացահայտել ՀՀ բնապահպանական հիմնախնդիրները նաև ջրային և հողային ռեսուրսների շահագործման ընթացքում: