Փետրվարի 21 2020
IMG 2194 scaled

Կայուն զարգացման 2030 օրակարգին ընդառաջ

Կայացավ Եվրասիա միջազգային համալսարանի և Նորարարությունների համաշխարհային համալսարանական ցանցի (GUNi) հետ համատեղ կազմակերպված միջբուհական գիտաժողովը` «Կայուն զարգացման 2030 օրակարգին ընդառաջ» թեմայով:

Գիտաժողովը միավորեց բանախոսների՝ ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների, դասախոսների, գիտական աշխատողների ու ասպիրանտների:

ԵՄՀ ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը նշեց, որ «Մենք ապրում ենք հարափոփոխ աշխարհում․ ամենուրեք հիմնախնդիրներ, փոփոխություններ, տեղաշարժեր: Այս ամենը տագնապ է առաջացնում աշխարհով մեկ և վտանգ ստեղծում կայուն զարգացման համար։ Յուրաքանչյուր երկիր ինքնապահովված չէ կայուն զարգացման նախադրյալներով։ Մենք, որպես կրթության ապահովող, պարտավոր ենք նպաստել հռչակագրի տասնյոթ նպատակների իրականացմանը։ Եվրասիա միջազգային համալսարանը սույն խորագրով գիտաժողովը հետայսու կդարձնի ամենամյա, ինչը կնպաստի կրթության բովանդակության վերանայմանը, հետազոտական նոր ծրագրերի խթանմանը և կայուն զարգացման նպատակներին ուղղված նախագծերի իրականացմանը»։

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի ղեկավար, մ.գիտ. թեկնածու Հայկուհի Գևորգյանի՝ «Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման կայուն համակարգի ներդրումը կարող է ազդել ինչպես աղքատության նվազման, այնպես էլ տնտեսության, մարդկային ռեսուրսի կայուն զարգացման վրա: Ի տարբերություն ավանդական մասնագիտական կողմնորոշման մոտեցումների՝ այսօր խրախուսվում է նաև համընդհանուր առանցքային հմտությունների զարգացումը՝ ձեռներեցության, որոշումների կայացման, թիմային աշխատանքի։ Ըստ տիկին Գևրգյանի, հաճախ հնչող «Մասնագիտության ճիշտ ընտրություն» հասկացությունն այդքան էլ դիպուկ որակում չէ և անհրաժեշտ է կիրառել մասնագիտության «Գիտակցված ընտրություն» հասկացությունը, որը ցանկացած տարիքում կարող է փոփոխվել և վերանայվել»։

ՀՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը նշեց. «Այն պահանջները, որ մենք այսօր մոլորակին ներկայացնում ենք, տասնապատիկ ավելի շատ են, քան մոլորակը կարող է մեզ ներկայացնել՝ առանց իր բալանսը խախտելու։ Այս մոտեցումը շարունակել մենք այլևս չենք կարող։ Ըստ ՄԱԿ-ի փորձագետների տվյալների՝ էկոլոգիական ճգնաժամը խորանում է սոցիալական ճգնաժամի արդյունքում»:
Գիտաժողովն ապահովեց թեմային վերաբերող առանձնահատուկ զեկույցների շարք, եղան թեմատիկ ելույթներ և քննարկումներ:

Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան առաջարկով՝ ստեղծել բարձրագույն ուսումնական հաստատությունների ազգային ցանց՝ ուղղված կայուն զարգացմանը:

Կարևորելով կայուն զարգացման նպատակների իրականցումը՝ գիտաժողովի մասնակիցները կոչ կանեն նաև ՀՀ կառավարությանը Կայուն զարգացման ազգային խորհրդում ներառել բուհերի ներկայացուցիչների և հետազոտողների, ովքեր զբաղվում են նշյալ հիմնախնդիրներով։

Կարևորելով կրթության դերը Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում՝ մասնակիցները որոշեցին նաև դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն առաջարկով՝ վերանայել Որակավորումների ազգային շրջանակը՝ շրջանավարտների «կանաչ» հմտությունների զարգացմանը ներկայացվող պահանջներով։ Վերջինս կարևորվեց հատկապես Կառավարության որդեգրած Կանաչ տնտեսության զարգացման համատեքստում։