Մարտի 03 2020
89163754 260761571579681 3569726269517987840 n

Ամփոփվեցին Փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի արդյունքները

Հայտնի են Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական Ինկուբատորի կողմից հայտարարված Փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի արդյունքները։ Մրցույթին ներկայացվել էր 12 հայտ, որից վերջին փուլում հանձնաժողովի կողմից ընտրվեց 6 ծրագիր։

Հատկանշական է, որ ծրագրերից երկուսը զարգացվել են գործատուների հետ համագործակցությամբ․ կուսումնասիրվի «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի  փոփոխությունների կառավարման և վերափոխման գործընթացը, ինչպես նաև «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի  օրինակով կբացահայտվեն բանկերում կառավարման հիմնախնդիրները։ Հետազոտական խմբերից մեկը կուսումնասիրի Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքի զարգացման օրինակը և նոր հեռանկարները։

Երկու դրամաշնորհային ծրագրեր միջդիսցիպլինար են, որոնց շրջանակներում կստեղծվեն ուսումնական ձեռնարկներ․ առաջինը՝ Բիոէթիկայի ուսումնական ձեռնարկն է, որի առանցքում կլինեն գենային ինժեներիայի, էվթանազիայի, հղիության արհեստական ընդհատման, օրգանների փոխպատվաստման, հարկադիր հոսպիտալացման և այլ խնդիրների ուսումնասիրությունը: Երկրորդ ուսումնական ձեռնարկը կբացահայտի դեղամիջոցների շրջանառության և դեղագործության ներպետական ու միջազգային իրավակարգավորումների առանձնահատկությունները։

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կուսումնասիրվեն նաև ՀՀ զբոսաշրջության զարգացման հեռանկարային ուղղությունները և կգնահատվի տնտեսական ցուցանիշների վրա զբոսաշրջության ազդեցությունը։

ԵՄՀ Հետազոտական ինկուբատորը կշարունակի բոլոր ընտրված 6 ծրագրերի և թիմերի հետ աշխատանքը՝ իրականացնելով վերապատրաստման ծրագրեր, հետևելով ծրագրերի ընթացքին և ապահովելով ահրաժեշտ ռեսուրսներ որակյալ արդյունքի համար։