Փետրվարի 08 2016
2919 IMG 7423

Հանդիպում գործատուների հետ

Փետրվարի 5-ին Եվրասիա միջազգային համալսարանի oտար լեզուների  եւ գրականության ամբիոնը հանդիպեց Երեւանի հանրակրթական դպրոցների եւ վարժարանների գործատու-ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր գործատուների հետ քննարկել եւ առանձնացնել  այն որակական պահանջները, որոնք կարեւորվում են մասնագետների ընտրության հարցում: Քննարկվեց  ՄԿԾ-ների ուսումնառության արդյունքների ձեւավորման հիմնական մեթոդները եւ դրանց հիմնավորումները: Քննարկվեց նաեւ ուսումնառության ընթացքում ՄԿԾ-ներով նախապես սահմանված ուսանողներին տրվող գիտելիքի չափանիշներն ու չափորոշիչները, դրանց հասնելու մեթոդները:

Ներկաներին ողջունեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն  Օհանյանը. «Մենք հետեւում ենք, որ մեր շրջանավարտներն ընդունվեն աշխատանքի մեր կրթական կառույցներում, այնուամենայնիվ այն կարծիքին ենք, որ այսօրվա դպրոցի ներկայացվող պահանջները ոչ բոլոր շրջանավարտներն են բավարարում: Հետեւաբար մենք անցում ենք կատարել ՄԿԾ-ներ կազմելու նոր մեթոդի»:

Հանդիպմանը ԵՄՀ միջազգային կապերի եւ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը ներկայացրեց մասնագիտության կրթական ծրագրեր (ՄԿԾ) կազմելու ԵՄՀ որդեգրած մեթոդը:

«Բոլոնյան գործընթացին ինտեգրվելու նպատակով մասնագիտության կրթական ծրագրերը պետք է համապատասխանեն այսօրվա պահանջներին: Հապատասախանելու համար պետք է գտնել գործատուներին, այն միջավայրը, որտեղ գնում է աշխատելու մեր շրջանավարտը եւ իմանալ նրանց պահանջները: Այսօրվա մեր հիմնական խնդիրն է վեր հանել այդ պահանջները եւ արտացոլել դրանք ՄԿԾ-ներում»,-ասում է ԵՄՀ միջազգային կապերի եւ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը:

Աշխատանքային խումբը հատուկ շեշտեց, որ ճկուն, ստեղծագործ եւ նորարար մտածողությունը բավարար չէ դպրոցում դասավանդելու համար, շատ կարեւոր է տիրապետել ուսուցանման գործնական մեթոդներին:

Հանդիպման ընթացքում գործատուները հստակ ներկայացրեցին իրենց ակնկալիքները աշխատակիցների պատրաստման հարցում, ինչպես նաև համալսարանի դերը ՀՀ բարձրագույն կրթական համակարգում։ Վերջիններս մասնավորապես շեշտադրեցին կիրառական գիտելիքներով և հմտություններով օժտված, ինքնակրթության և ինքնազարգացման հմտություններ ունեցող անհատների պատրաստումը՝ որպես համալսարանի առաջնային խնդիր։ Մասնակիցների կողմից հնչած առաջարկները հիմք կհանդիսանան ոչ միայն ԵՄՀ կրթական ծրագրերի վերանայման, այլ նաև տեսլականի, առաքելության և ռազմավարական նպատակների վերանայման ընթացքում։