Օգոստոսի 14 2020
viber image 2020 08 13 17 18 05

«Կայուն աշխատանք ունենալը հայրենադարձվելու կարևորագույն հիմքերից է», – Հայկուհի Մուրադյան (ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ)

Մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ ԵՄՀ թիմին միացել է Հայկուհի Մուրադյանը՝ որպես Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ։ Ընդունելով ԵՄՀ առաջարկը՝ ղեկավարելու ամբիոնը, տիկին Մուրադյանը հայրենադարձվել է Բեյրութից գեղեցիկ ընտանիքի հետ միասին։

Հայկուհի Մուրադյանն ունի Քեմբրիջ համալսարանի DELTA որակավորում և շուրջ տասնհինգ տարվա դասավանդման փորձ հայաստանյան և միջազգային տարբեր բուհերում և կազմակերպություններում, մի շարք հետազոտությունների, թարգմանությունների, հոդվածների հեղինակ է:

Մենք համոզված ենք, որ Հայկուհի Մուրադյանի ներկայությունը «Եվրասիա» թիմում նոր և խոստումնալից հեռանկարներ կստեղծի օտար լեզուներ դասավանդող ապագա մասնագետների համար:

Ներկայացնում ենք մեր առաջին առցանց հարցազրույցը Հայկուհի Մուրադյանի հետ: Այն, ինչ բացահայտեցինք նրա հետ խոսքում, ևս մեկ անգամ ոգևորվելու առիթ է: Իսկ թե ինչու՞, կարդացե՛ք ստորև։

_________

– Ողջույն տիկին Մուրադյան, ուրախ ենք, որ միացել եք մեզ և համոզված ենք, որ մեր հետագա համագործակցությունը նոր ու լուսավոր էջ կբացի Եվրասիա միջազգային համալսարանի պատմության մեջ: Խնդրում ենք հակիրճ նկարագրեք Ձեր անցած ուղին:

– Անհավանական է, բայց արդեն գրեթե 15 տարի է դասավանդում եմ անգլերեն։ Ամենավերջին  և թերևս ամենակարևոր մասնագիտական ձեռքբերումս Քեմբրիջի համալսարանի կողմից հավատարմագրված դիպլոմի ձեռքբերումն է, որն ինձ թույլ է տալիս ունենալ աշխարհի՝ դասավանդման բարձրագույն դիպլոմը։ Այդպես ասում են։

– Որքա՞ն ժամանակ է ապրում եք Բեյրութում:

-Բեյրութ տեղափոխվել եմ 2011-ին, քանի որ ամուսինս բեյրութահայ է։ Կարելի է ասել, որ այդ ժամանակվանից ի վեր ես տարվա մեծ մասը Բեյրութում եմ, մյուսը՝ հայրենիքում։ Կատակով նույնիսկ մեզ համեմատում եմ թռչունների երամի հետ, ովքեր աշնանամուտին չվում են տաք երկրներ, գարնանը հետ վերադառնում իրենց բույնը։ Լիբանանը, իհարկե, ինձ շատ գեղեցիկ հուշեր է պարգևել, այն չափազանց գեղեցիկ և հյունընկալ երկիր է։

– Ո՞րն է Ձեր հայրենադարձության պատճառը և որքանո՞վ ԵՄՀ-ն նպաստեց հայրենիքում մասնագիտական գործունեության իրականացմանը:

-Բեյրութ փոխադրվելու առաջին իսկ տարուց սկսած, գիտեի, որ վաղ թե ուշ հետ ենք վերադառնալու հայրենիք։ 2016-ին նույնիսկ ապրեցինք Երևանում, սակայն ամուսնուս գործի բերումով ստիպված եղանք հետ վերադառնակ Լիբանան։ Մեր՝ հայրենիք փոխադրվելու ծրագրեր գծելը և հնարավորությունների փնտրտուքը երբեք չեն դարարել, և ահա այդպես սոց. ցանցերով, հետևելով «Օհանյան» կրթահամալիրի փայլուն ձեռքբերումներին, սկսեցի հետաքրքրվել տղայիս կրթությամբ: Ոգևորիչ էր, երբ  ԵՄՀ ղեկավարությունից ոչ շատ ուշ ստացա Օտար լեզուների և գրականության ամբիոնը ղեկավարելու առաջարկ, որի համար անչափ շնորհակալ եմ իմ մասնագիտական ձեռքբերումները արժանավույնս գնահատելու համար։ Իհարկե մեծ սիրով համաձայնվեցի, քանի որ կայուն աշխատանք ունենալը հայրենադարձվելու կարևորագույն հիմքերից է։

– Ի՞նչ հեռանկարներ ունի Օտար լեզուներ և գրականության մանկավարժի մասնագիտությունը Հայաստանում:

-Գիտեք, մի այսպիսի խոսք կա, որն ասում է «Սովորի՛ր օտար լեզու, քանզի չգիտես, թե ճամփաները  քեզ ուր կտանեն»։ Ես իհարկե մեծ հույս ունեմ, որ հայ ուսանողին, և առհասարակ, հայ մարդուն, ճամփաները ուր էլ որ տանեն, հետադարձը միշտ կլինի դեպ հայրենի օրրան, սակայն օտար լեզուներին, և մասնավորապես անգլերենին վարժ և գրագետ տիրապետելը կարող են բացել հնարավորության շատ դռներ։ Չէ՞ որ հիմա բիզնեսի աշխարհը խոսում է անգլերեն։

Բացի այդ, ցանկացած երկիր միշտ կարիք ունի հմուտ մանկավարժների և պարզապես գրագետ մարդկանց, ովքեր պատրաստ են անձնվեր կրթել սերունդներ, դրանով իսկ կերտելով երկրի փայլուն ապագան։

– Ըստ Ձեզ, ի՞նչ մարտահրավերներ կան այսօր Ձեր բնագավառում և ի՞նչ լուծումներ կառաջարկեք դրանց համար:

-Առաջին մարտահրավերը գրագետ և պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստումն է։ Աշխարհը լի է մանկավարժներով, թարգմանիչներով, լեզվաբաններով, սակայն քչերն են կարողանում հաղթահարել ագրեսիվ մրցակցային դաշտը։ Կարծում եմ, միայն գերազացության ձգտումը և մասնագիտական անդադար աճը կարող են օգնել հաղթահարել այս մարտահրավերը։

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի ապագա մանկավարժը։

– Մանկավարժը պետք է լինի գրագետ  և հմուտ։ Սակայն ոչ պակաս կարևոր են ազնվությունը (ինքն իր անձի և դիմացինի հանդեպ), գիտելիքները կիսելու և նորը ընդունելու ունակությունը,  նաև պատրաստակամ լինել աջակցել և մոտիվացնել իր թիմակիցներին և  ուսանողներին, աշակերտներին։

– Ձեր կոչը Ձեր ապագա թիմին՝ ուսանողներին։

-Սիրելի՛ ուսանողներ, դուք ընտրել եք աշխարհի ամենակարևոր և ամենագեղեցիկ մասնագիտություններից մեկը։ Հուսամ միասին մենք կկարողանանք ունենալ մասնագիտական աճ, կարդալ շատ ու շատ հրաշալի գրքեր, գրագետ ու սահուն տիրապետել օտար լեզուներին և դառնալ հմուտ մանկավարժներ։