Մայիսի 27 2021
img 4241

Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններին ընդառաջ

Ս.թ. մայիսի 27-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի կազմակերպման վերաբերյալ․ մասնավորապես՝ ամբիոնների կողմից ներկայացվեցին նախապաշտպանությունների և նախաավարտական, գիտահետազոտական պրակտիկաների արդյունքները, հաստատվեցին պաշտպանություններին թույլատրվող ուսանողների ցուցակները, ավարտական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերը, ինչպես նաև ժամանակացույցերը։ Հաշվի առնելով համավարակի հետևանքները և դրանից առաջացրած բարդությունները՝ խորհրդի որոշմամբ երկրից բացակայող կամ COVID-ի դրական թեստ ներկայացնող ուսանողներին հնարավորություն կտրվի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությանը մասնակցել առցանց՝ նախապես տեղեկացնելով և համաձայնեցնելով համապատասխան ամբիոնի հետ։

Որակի ապահովման կենտրոնի առաջարկով որոշ փոփոխություններ իրականացվեցին նաև «Բակալավրի ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի նախապատրաստման և պաշպանության ուղեցույց»-ում՝ հիմքում ունենալով նախորդ ուսումնական տարվա գործընթացի կազմակերպման արդյունավետության գնահատման արդյունքները, ինչպես նաև նախորդ հանձնաժողովների նախագահների և անդամների կողմից ներկայացված առաջարկությունները։ Կարևոր վերանայումներից է այն, որ հետազոտական աշխատանքի գնահատականի 20%-ը կազմվելու է գրախոսի գնահատման /նախկին 30%-ի փոխարեն/, իսկ 80%-ը՝ հանձնաժողովի գնահատման արդյունքում։ Բոլոր վերանայումները կարելի է տեսնել ուղեցույցի փոփոխություններ բաժնում։

Խորհրդի օրակարգային հարցերից էին նաև գարնանային կիսամյակի վերջնական քննությունների ժամանակացույցերի հաստատումը, գիտակրթական գործընթացին առընչվող այլ հարցեր։ Հիմքում ունենալով «Կրթական ծրագրերի մշակման և մշտադիտարկման կարգ»-ի դրույթները, 2021-2022 ուստարվան ընդառաջ՝ կրթական ծրագրերի մշտադիտարկման և արդիականացման նպատակով ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի առաջարկով ստեղծվեց առանձին աշխատանքային խումբ։

Խորհուրդը միաձայն երաշխավորեց  նաև «Բանբեր» պարբերականի 2021 թվականի 1-ին համարի հոդվածների տպագրությունը: Քննարկվեցին E-buh համակարգի աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությունները և այլ օրակարգային հարցեր։

Ամփոփելով նիստը՝ նախագահ Սուրեն Օհանյանը փաստեց, որ նիստի ընթացքում առաջ քաշված հարցերը և կայացրած որոշումները էական նշանակություն ունեն ուսումնառության գործընթացների արդյունավետ կազմակերպման համար։