Հունվարի 09 2023
img 9479

Երևանյան լիճը մաքրվում է կեսդարյա աղբից

Պլաստիկե շշեր, տարրաներ,  ժանգոտած դոյլեր, սննդի մնացորդներ․ սա Երևանյան լճից դուրս բերված աղբի միայն մի փոքր մասն է։  2022 թ․–ի մայիսին կեսդարյա պատմության մեջ առաջին անգամ լիճը ցամաքեցվել է՝ մաքրման նպատակով։

Երևանյան լիճը արհեստական ջրամբար է, որ կառուցվել է 1970 թվականին՝ Հրազդանի կիրճում, Հրազդան գետի հոսքը կանոնավորելու և ջրերն օգտագործելու նպատակով։ Շուտով, սակայն, լիճը վերածվել է երևանցիների սիրելի հանգստավայրի։

Հրազդան գետը, սկիզբ առնելով Սևանա լճից, հոսում է Հայաստանի 3 մարզերի և Երևան քաղաքի տարածքով։ Այդ երկայնքով հոսելով՝ կրում է հարակից համայնքների մարդածին ազդեցությունը՝ կոշտ կենցաղային աղբ, կոյրուղային ջրեր։ Ջրի աղտոտվածության մակարդակը հատկապես բարձրանում է Երևանով հոսելիս։

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Ոսկեհատ Գրիգորյանը փաստում է, որ ջրի որակը համապատասխանում է աղտոտվածության  5֊րդ աստիճանին, այդ պատճառով Հրազդան գետի  ձկնատեսակները քանակային փոփոխություն են կրել։

«Արդեն 50 տարի է, ինչ չի մաքրվել Երևանյան լիճը։ Մայիս ամսվանից սկսվել է Երևանյան լճի մաքրման ծրագիրը, որի շրջանակներում ծախսվել է 113 միլիոն ՀՀ դրամ։ Լճում կտեղադրվեն որսիչ սարքեր, որոնք թույլ չեն տա, որպեսզի աղբը կուտակվի լճում, իսկ ջրի մակարդակի իջեցումը  սկսվել է նախորդ տարվա նոյեմբերի 4֊ից։ Մաքրման աշխատանքները կատարվում են համապատասխան տեխնիկաների օգնությամբ»,– ասում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գայանե Ներսիսյանը և ավելացնում, որ 2021 թ․–ին ևս մի քանի օրով ջրամբարը ցամաքել էր` տեղային մաքրում իրականացնելու նպատակով։

Երևանյան լճի ջրալցման աշխատանքները նախատեսվում է իրականացնել արդեն 2023 թ․–ի հունվարին։

 

Սարգիս Ասատրյան