Սեպտեմբերի 17 2020

Դասից առաջ հանդիպում ռեկտորի հետ

ԵՄՀ  «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսումնառության գործընթացի մեկնարկին առաջին կուրսեցիները հանդիպեցին բուհի ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանին։  Ապագա մագիստրոսների հետ հանդիպումը, իսկ հետո՝ դասը, միառժամանակ զուգակցվեց  լսարանում՝ դեմառդեմ, և առցանց հարթակում՝ ուղիղ տեսակապով։  Հանդիպման սկզբում ռեկտորը նախ շնորհավորեց անվճար և ուսման վարձի զեղչի արտոնություններով ընդունված ուսանողներին, ապա ողջունեց ուսանողների՝ Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրատուրայի աստիճանում կրթության շարունակականությունը, նշելով, որ բուհում բակալավրիատի կրթությունը տարբերվում է մագիստրատուրայի կրթությունից ինչպես բովանդակային առումով, այնպես էլ ընթացակարգով։ Շարունակելով խոսքը՝ ռեկտոր Ս․Օհանյանը ընդգծեց, որ համալսարանը՝ ի դեմս ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, ի․գ․դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանի, առանցքային է համարում  բազմակողմանի և բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված իրավաբանների պատրաստումը, որոնք կարող են իրականացնել խորացված, հիմնարար և մասնագիտական, այդ թվում` գիտահետազոտական գործունեություն, կարող են բացահայտել մասնագիտացման բնագավառի իրավական կարգավորման հետ առընչվող հիմնախնդիրները, ներկայացնել հիմնավորված առաջարկություններ օրենսդրությանը և կառավարմանը վերաբերող տարբեր հիմնախնդիրների լուծման վերաբերյալ, տրամադրել որակյալ իրավաբանական խորհրդատվություն, օպերատիվ և արդյունավետ պայքարել իրավախախտումների դեմ: Այս նպատակով էլ ամբիոնում դասավանդում են տեսական հմտություններ ունեցող գիտությունների թեկնածուներ, ոլորտի փորձառու պրակտիկ դասախոսներ, մասնագետներ, որոնք առաջնորդվում են միջազգային չափորոշիչներին և ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, վերանայված կրթական ծրագրերով։ Ամփոփելով խոսքը՝ ռեկտորը ապագա մագիստրոսներին մաղթեց հաջողություն մասնագիտական ուղին հարթելու ճանապարհին։

Այնուհետև առաջին կուրսեցիները մասնակցեցին դասին։ Դասացուցակով նշանակված դասերը «Իրավաբանական գրագրություն»-ն էր (դասախոս Մ.Հակոբյան), «Նախաքննության հիմնախնդիրները ՀՀ-ում» (դասախոս Ա.Այվազյան ) էին, իսկ բուհի մեկ այլ լսարանում դասախոս Դ. Հարությունյանը մագիստրատուրայի երկրորդ կուրսեցիներին առցանց դասավանդում էր «ՏՀՏ-ն մասնագիտական խնդիրներում» առարկան։