Հունիսի 25 2021
img 6674

Ապագա իրավաբանները պրակտիկա կանցնեն Պրոբացիայի ծառայությունում

Բովանդակայնորեն փոխվել են մասնագիտական կրթական ծրագրերին ներկայացվող պահանջները: Գործատուն իր հաստատության աշխատանքային պահանջներն այսուհետ բավարարում  է մրցութային հիմունքներով աշխատանքի ընդունման այնպիսի պայմաններով, որոնց մեջ առաջնային է համարվում առանց լրացուցիչ վերապատրաստումների նախաձեռնել աշխատանքային գործունեություն: Սակայն, գործատուն նույնպես պետք է անմասն չմնա մասնագետի պատրաստման գործընթացից՝ առաջարկելով ավարտական աշխատանքի  զանազան հետազոտական թեմաներ, իրականացնելով վարպետության և թեմատիկ դասեր, ղեկավարելով ավարտական և ասպիրանտական թեզերը և այլն: Այդպիսի երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ձևը կարող է  ընթանալ գիտակրթական կլաստերի կազմավորման միջոցով:

Նման կլաստերի առաջացման նպատակն է հետապնդում  այսօրվա ստորագրած համագործակցության հուշագիրը Եվրասիա միջազգային համալսարանի և ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության միջև:

Հուշագիրը կնպաստի աշխատաշուկայում համալսարանի ուսանողների, ինչպես նաև շրջանավարտների մրցունակության բարձրացմանը: Պրակտիկայի ընթացքում իրավագիտության ամբիոնի ուսանողները կուսումնասիրեն գործնականում հանդիպող հիմնախնդիրները: Համալսարանը Պրոբացիայի ծառայության համար կապահովի գիտական, ուսումնական և գործնական աշխատանքներում փորձի փոխանակում, կիրականացվեն համատեղ գիտակրթական միջոցառումներ, գիտահետազոտական աշխատանքներ, մասնագիտական քննարկումներ, գիտաժողովներ և այլ ծրագրեր:

Շնորհավորում ենք իրավագիտության ամբիոնի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին համագործակից ընկերների շարքն ընդլայնելու կապակցությամբ։