Հոկտեմբերի 14 2022

«Ինչի՞ց է կազմված ժամանակակից մեդիա մարդը» զրույց-հանդիպում

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանում հետաքրքիր հանդիպում էր. «Ինչի՞ց է կազմված ժամանակակից մեդիա մարդը» զրույց-հանդիպումը վարում էր Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար, լրագրող Նոյեմի Անդրեասյանը։

Բանախոսը սկզբում ուսանողների հետ քննարկեց, թե արդյո՞ք ճանաչում ենք մեզ, կարո՞ղ ենք ապրել առանց մեդիայի, կամ ո՞վ է մարդն առանց մեդիայի։

Մեր հյուրը նաև ներկայացրեց մեդիայի զարգացման փուլերը՝ զուգահեռներ տանելով զարգացման շրջափուլերը ժամանակագրական իրադրությունների հետ. «20-րդ դարի կեսերից, երբ սկսվեց ամեն բան զարգանալ, և հայտնաբերվեց հեքիաթների գուշակ հայելին, որն այսօր արդեն տրանսֆորմացվել է բջջային հեռախոսների տեսքով, արդեն բոլորն ունեն այդ հայելիները, որոնք աշխարհի յուրաքանչյուր անկյունում գտնվող ամեն բան ցույց են տալիս»։

Բանախոսը, խոսելով մեդիա գործիքներից և մեդիայի միջոցով անհատականութուն ձևավորելուց, ընդգծեց. «Չպետք է լինել սպիտակ ագռավ, քանի որ այդպես դու որևէ խնդիր չես լուծելու, այդ պատճառով պետք է հասկանաս ինքդ քեզ, քո ինքնությունը»։

Եզրափակելով իր դասախոսությունը՝ բանախոսը ընդգծեց. «Փորձեք լինել լավագույնը ձեր բնագավառում, որոշեք ինչպիսինն եք լինելու դուք և փորձեք լինել կայուն։ Կարեւոր է գտնել, որոշել այն առանցքը, որի վրա հենվելու եք, որի արժեքը կրելու եք, որպեսզի ձեր աշխատանքը հաճելի լինի ձեզ ու օգտակար լինի ձեր պետությանը»։

Խոսելով համացանցում անվտանգության կարեւորության մասին` Նոյեմի Անդրեասյանն ասաց, որ կարեւոր է անձնական կյանքի գաղտնիությունը։ «Բայց համացանցի ու սոցցանցերի վտանգը դրանից ավելի մեծ է. իրականում մենք չենք կարողանում գնահատել այն պրոպագանդիստական ազդեցությունը, որի զոհ ենք դառնում ամեն օր։ Մեզ թվում է, թե ընտրում ենք ինչ լսել, ում հավատալ, որ աղբյուրին վստահել, իսկ իրականում ընտրությունը կատարում ենք` ընտրություն չունենալով։ Ու ստացած ինֆորմացիան չենք վերլուծում։ Այսպես մենք ակամա ոչ օբյեկտիվ կարծիք ենք կազմում»։

Ըստ բանախոսի` ստացած ինֆորմացիան վերլուծելը, ամեն ինչ «հալած յուղի տեղ չընդունելը» կարեւոր է հատկապես լրագրողների համար։
2 1