Մարտի 09 2021
158882884 1049753738884420 6824724036236839847 n

Հանդիպում Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ

Ս.թ. մարտի 3-ին Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնի «Պատանի դիվանագետի» դպրոցի սաները` դասընթացավար Անի Հովասափյանի նախաձեռնությամբ առցանց հանդիպում ունեցան Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ։

Հանդիպման սկզբում Ա. Հովասափյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին հրավերը ընդունելու համար՝ առցանց հարթակը տրամադրելով դեսպանին։

Պարոն Բալայանը, ողջունելով դպրոցի սաներին, խրախուսեց հանդիպման գաղափարը և սկսեց իր խոսքը ՝անդրադառնալով ժամանակակից դիվանագիտության նպատակներին, դերին և կարևորությանը։ Նա մատնանշեց, որ դիվանագիտությունը ոչ թե աշխատանք է, այլ՝ ծառայություն, ծառայություն սեփական հայրենիքին՝ հանուն նրա բարեկեցության ու բարօրության։

Խոսելով իր մասնագիտական գործունեության մասին՝ նա խորհուրդ տվեց աշակերտներին հավատալ սեփական գաղափարների իրականացմանը և հետագայում վարել նախաձեռնող գործունեություն։ Նա որակեց դիվանագիտությունը՝ որպես «հնարավորի արվեստ», իսկ արվեստի մեջ չպետք է լինել ամաչկոտ, հետ կանգնել սեփական նպատակնեից ու պետք է անդադար պայքարել հանուն հաջողության։

Դեսպանը առանձնացրեց մի քանի կետեր, որոնք իրականացնելով ցանկացած մասնագետ կարող է հասնել նվաճումների: Մասնավորապես՝ սիրել սեփական աշխատանքը և անընդհատ ընդլայնել գիտելիքները տվյալ ոլորտում, շատ ընթերցել, կատարելագործել լեզուների իմացությունը, վաղ արթնանալ, մասնագիտական կարիերայի ուրվագիծը կառուցելիս հաշվի առնել ոչ միայն սեփական, այլև դիմացինի շահերը։

Դեսպանը սիրով պատասխանեց պատանի դիվանագետների հարցերին։ Պատմեց իր կատարած աշխատանքների, դեսպանի առօրյա կյանքի և այլ թեմաների մասին։

Խոսելով հայ-նիդերլանդական հարաբերություններից՝ Տ․ Բալայանը երկկողմ համագործակցության 5 հեռանկարային ոլորտ առանձնացրեց ․

  1. Ինովացիոն գյուղատնտեսության,
  2. Ջրային ռեսուրսների կառավարում
  3. Աղբահանության կառավարում
  4. Բարձր տեխնոլոգիաներ
  5. Տուրիզմ

Շարունակելով խոսել Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա փոխգործակցության մասին՝ դեսպանը մի քանի պատմական փաստեր բերեց, օրինակ այն, որ Նիդերլանդներում քրիստոնեական ուսմունքն առաջին տարածողը եղել է ազգությամբ հայ եպիսկոպոս սուրբ Սերվասը: Նա հավելեց, որ Արևմտյան Եվրոպայում հայկական առաջին եկեղեցին բացվել է Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում։

Քանի որ պարոն Բալայանը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում, նա անդրադարձավ նաև հայ-լյուքսեմբուրգյան հարաբերություններին՝ նշելով, որ դրանք զարգանում են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և գյուղատնտեսության ոլորտում։

Պատասխանելով սեպտեմբերին ղարաբաղյան շփման գոտում սկսված պատերազմի մասին հարցին՝ նա նշեց, որ մարտական գործողությունների ընթացքում թշնամու կողմից իրականացված վայրագությունների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին տեղեկատվությունը բազմիցս բարձրաձայնվել է թե՛ Նիդերլանդների, և թե՛ Լյուքսեմբուրգի խորհրդարանում, և ընդնունվել են մի շարք բանաձևեր։ Բարձրաձայնման գործընթացը կրում է շարունակական բնույթ, և այս ուղղությամբ Տ․ Բալայանի և նրա գործընկերների կողմից հսկայական աշխատանքներ են տարվում ։

Հանդիպումը հագեցած էր և բազմաբովանդակալից, որի ավարտին պատանի դիվանագետները երախտիքի խոսքեր հայտնեցից դեսպանին։