Մարտի 03 2021
img 7958

Կնքված հուշագիրը նոր հնարավորություններ կընձեռի իրավագիտության ամբիոնի ուսանողներին

Ս.թ. մարտի 2-ին Եվրասիա միջազգային համալսարանի և «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ՍՊԸ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Հուշագրի նպատակն է նպաստել աշխատաշուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, մասնակցել բուհի հետազոտական աշխատանքներին:

Շնորհավորելով ուսանողներին՝ ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը նշեց, որ- «այսուհետ ձեր՝ որպես մասնագետի՝ իրավաբանի պատրաստման գործում  էական դեր է կատարելու նաև  «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը, որը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու ուսանողի պրակտիկ հմտությունների զարգացմանը: Սա շատ կարևոր է, քանի որ մոտ ապագայում դուք կմտնեք աշխատաշուկա և կհանդիպեք գործատուի հետ: Ունենալով պրակտիկ կարողություններ, տեսական գիտելիքներ և մասնագիտական հմտություններ՝ կլինեք մրցունակ մասնագետներ և հեշտությամբ կգտնեք ձեր տեղն աշխատաշուկայում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս: Համոզված եմ, որ այս ընկերության հետ երկկողմանի համագործակցությունն իր արդյունքը կտա և ի դեմս ձեզ, մենք կունենանք տեսական և գործնական հմտություններով զինված շրջանավարտ»:

«ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ՍՊԸ-ի տնօրեն, փաստաբան Մարատ Ատովմյանը շնորհակալություն հայտնեց Եվրասիա միջազգային համալսարանի ղեկավարությանը որպես դասախոս տարիների համագործակցության համար՝ նշելով, որ – «այսուհետ՝ որպես գործատու կաջակցեմ բանիմաց իրավաբանների պատրաստմանը: Այսօր շատ բուհեր առաջարկում են իրավաբանական կրթություն և շատ են իրավաբանի դիպլոմ ունեցողները, սակայն մասնագետներ՝ մոտիվացված երիտասարդներ, որոնք իսկապես պահանջված են, շատ հազվագյուտ են: Հենց այս հիմնախնդրին առնչվում է ներկայիս գործատուն: Որպես գործատու՝ գնահատում եմ երիտասարդ մասնագետի գիտելիքը, պրակտիկ հմտությունները, առաջընթաց ունենալու, սովորելու ցանկությունը: Կարծում եմ՝ ձեր նվիրված աշխատանքի և պատրաստակամության շնորհիվ կունենաք արդյունավետ պրակտիկա: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ: Բոլորիդ մաղթում եմ փայլուն մասնագիտական ճանապարհ»:

ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանը կարևորեց, որ «Ժամանակակից իրավաբանը առանց պրակտիկ հմտությունների միայն տեսականին տիրապետող չի կարող լինել: Դրա մեջ մենք ջանքերը կենտրոնացրել ենք ո՛չ միայն համալսարանում տեսություն դասավանդելու վրա, այլ նաև պրակտիկ մարմինենրի հետ համապատասխան հուշագրեր կամ պայմանագրեր կնքելու վրա, որպեսզի մեր ուսանողները հնարավորություն ունենան իրենց ստացած տեսական գիտելիքները ուսումնասիրել և ստուգել պրակտիկայում, զարգացնել պրակտիկ հմտություններ: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի այսօր կնքվելիք հուշագիրը, քանի որ այս ընկերությունը և՛ պրակտիկայի վայր է, և՛ գործատու. ունի առանձնահատկություններ՝ կորպորատիվ իրավունքի բնագավառում, արտասահմանում կազմվելիք փաստաթղթերի և այլ հարցերում: Մաղթում եմ բոլորիս հաջողություն»:

Հավելենք, որ Հուշագրի շրջանակում «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ՍՊԸ-ն կղեկավարի քաղաքացիաիրավական և քրեաիրավական ոլորտներին վերաբերող բակալավրիատի ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզերը, կկազմակերպի իրավագիտության ամբիոնի ուսանողների պրակտիկան:

Հուշագիրը հնարավորություն կընձեռի կողմերին համատեղ կազմակերպել  գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացներ, դատախաղեր, իրականացնել համատեղ հետազոտություններ, քննարկումներ, մասնակցել իրավաբանական կլինիկայի աշխատանքներին և այլն: