Մարտի 21 2024
431428238 384024821059309 6949548119576026337 n

Տեղի ունեցավ «Միկրոորակավորումների արդյունավետ նախագծման շրջանակ. լավագույն փորձի ներկայացում և ուղղորդում՝ բարձրորակ միկրոորակավորումների մշակման համար» տարածաշրջանային սեմինարը

Տեղի ունեցավ «Միկրոորակավորումների արդյունավետ նախագծման շրջանակ. լավագույն փորձի ներկայացում և ուղղորդում՝ բարձրորակ միկրոորակավորումների մշակման համար» տարածաշրջանային սեմինարը

Օրերս տեղի ունեցավ «Միկրոորակավորումների արդյունավետ նախագծման շրջանակ. լավագույն փորձի ներկայացում և ուղղորդում՝ բարձրորակ միկրոորակավորումների մշակման համար» տարածաշրջանային սեմինարը։ Այն կազմակերպում էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ), Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական ծրագրերի ղեկավար Արևիկ Օհանյանի և Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համատեղ` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։

Առաջին օրվա սեմինարին միացել էին շուրջ 76, իսկ երկրորդ օրվա սեմինարին՝ 68 մասնակից, որոնց թվում կային քաղաքականություն մշակողներ, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի աշխատակիցներ, ուսումնական ծրագրեր մշակողներ, ինչպես նաև բարձրագույն կրթական և հետազոտական հաստատությունների միջազգային կապերի բաժնի ներկայացուցիչներ: Սեմինարի առաջին օրվա մոդերատորը Արևիկ Օհանյանն էր։

Սեմինարները մեկնարկեցին Օլենա Կոժիևսկայի (Խորհրդարանի կրթության, գիտության և նորարարությունների հանձնաժողովի քարտուղարության ղեկավար, Ուկրաինայում բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ), Ռուբեն Թոփչյանի (Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն) և Լանա Կառլովայի (Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող) և Սվիտլանա Շիտիկովայի (Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգող) ողջույնի խոսքերով։

Սեմինարների խոսնակը CIMEA – NARIC Italia-ի տնօրեն Կիարա Ֆինոկիետտին էր: Առաջին օրվա ընթացքում նա ներկայացրեց միկրոորակավորումների մշակման միջազգային հեռանկարները, համաշխարհային միտումները և լավագույն փորձը: Հաջորդիվ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների և մասնակիցների միջև տեղի ունեցան քննարկումներ: Այնուհետև Կիարան խոսեց ազգային մակարդակում միկրոորակավորումների մշակման քաղաքականության հետևանքների, գործող կանոնակարգերի և որակի ապահովման գործիքների մասին:

Սեմինարի երկրորդ օրվան միացել էին 68 մասնակիցներ։ Հանդիպման մոդերատորը Էրազմուս + բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (Ուկրաինա), Ազգային որակավորումների գործակալության անդամ, Լվովի պոլիտեխնիկական ազգային համալսարանի պրոֆեսոր Յուրի Ռաշկևիչն էր։ Նախորդ օրվա հանդիպման արդյունքները վերանայելուց և հարցերին անդրադառնալուց հետո Կիարա Ֆինոկիետտին ներկայացրեց ինստիտուցիոնալ մակարդակում միկրոորակավորումների մշակման գործընթացները, գործիքներն ու լավագույն փորձը: Այնուհետև նա խոսեց տեխնոլոգիայի և միկրոորակավորումների մշակման միջև կապերի մասին: Սեմինարներն ամփոփվեցին բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների և սեմինարի մասնակիցների կողմից քննարկումների և արձագանքների փուլով: