Սեպտեմբերի 01 2020
IMG 4139

Սեպտեմբերի 1-ը միայն առաջին կուրսեցիների համար

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Եվրասիա միջազգային համալսարանում տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: Պահպանելով անվտանգության կանոնները և հետևելով պարետատան ցուցումներին՝ ակադեմիական կրթության նոր միջավայր առաջին անգամ մուտք գործեցին առաջին կուրսեցիները։ Անսահման ոգևորությամբ, սակայն փոքր-ինչ հուզված ուսանողներին, խումբ-խումբ շրջելով, առաջինը ողջունեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը․ «Հարգելի´ ուսանողներ, ողջունում և շնորհավորում եմ գիտության, գրի, դպրության օրվա առթիվ։ Չնայած առօրյան անսովոր է, այդուհանդերձ, որպես չափահաս մարդիկ, մեզնից յուրաքանչյուրը պետք է ցուցաբերի զգոնություն պահպանելու համավարակով պայմանավորված սահմանված կանոնները։ Ստեղծված իրադրության պայմաններում մենք վերանայել ենք նաև մեր կրթական ծրագրերը, ուսուցման մեթոդներն ու տեխնոլոգիաները։ Համավարակի պայմաններում փոխվում է նաև համաշխարհային տնտեսության կառուցվածքը․ աշխատաշուկային անհրաժեշտ են բազմակողմանի զարգացած մասնագետներ։ Մեր վերանայած ծրագրերը հնարավորություն կտան ձեզ կայանալու որպես ապագայի մասնագետներ։ Համավարակով պայմանավորված՝ բուհը վերանայել է ուսման վարձի արտոնությունները, և այս ուսումնական տարում առավել մեծ թվով ուսանողների հնարավորություն է ընձեռվել սովորելու անվճար, կրթաթոշակով և ուսման վարձի զեղչի արտոնություններով։ Համալսարանը հագեցրել է լսարանները նաև նոր տեխնիկական միջոցներով՝ այսպիսով նպաստելով կրթական գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ այդ թվում հեռավար։ Համոզված ենք, որ շնորհիվ արհեստավարժ պրոֆեսորադասախոսական թիմի՝ դուք կմոտիվացվեք սովորելուն, կլինեք ինքնանախաձեռնող, կստեղծեք սեփական նախագծեր և կդառնաք առավել ինքնուրույն ու բանիմաց մասնագետներ։ Եվ հիշե´ք, այնտեղ, որտեղ կա որակ, կա հաջողություն։ Բարի գալուստ Եվրասիա միջազգային համալսարան»։
Առաջին կուրսեցիներին շնորհավորեց նաև ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը։ Վերջինս հակիրճ խոսեց նոր ուստարվա անելիքների մասին, ներկայացրեց բուհի կրթաթոշակակիրներին։ Ողջույնի իրենց խոսքերով հանդես եկան համալսարանի «Իրավագիտություն», «Կառավարում», «Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտությունների գծով ամբիոնների վարիչներ՝ համապատասխանաբար՝ Ռաֆիկ Պետրոսյանը, Աննա Մարտիրոսյանը, Հայկուհի Մուրադյանը։