Փետրվարի 26 2021
153897450 193618019209372 3689179389060343615 n

«Պատանի դիվանագետի» դպրոցի սաների բաց դասը առցանց հարթակում

Ս.թ. փետրվարի 26-ին Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնի «Պատանի դիվանագետի» դպրոցի սաները  իրենց դասընթացավար Անի Հովասափյանի օժանդակությամբ նախաձեռնել էին առցանց բաց դաս՝ նվիրված հանրային դիվանագիտությանը, նրա ունեցած դերակատարմանն արդի աշխարհում: Բաց դասի մասին հայտարարությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել լայն լսարանի մոտ: Արդյունքում առցանց հանդիպմանը ներկա գտնվեցին շուրջ չորս տասնյակ ունկնդիրներ:

Դասի ընթացքում պատանի դիվանագետները մանրամասն ներկայացրին թե ինչ է  հանրային դիվանագիտությունը, ինչով է այն տարբերվում պետական քարոզչությունից, ինչ ազդեցություն ունի այն ժամանակակակից հանրությունների կյանքում: Հետաքրքիր անդրադարձ կատարվեց հանրային դիվանագիտության տարածման գործիքներին ու մեթոդներին: «Պատանի դիվանագետի» դպրոցի սաները իրենց ներկայացման ավարտական հատվածը հատուկ նվիրել էին վերջին տարվա Covid-19 պանդեմիային՝ բացահայտելու, թե արդյոք համավարակը նույնպես հանրային դիվանագիտության գործիքներից մեկն է, թե՝ ոչ: Հանդիպումն ամփոփեց «Պատանի դիվանագետի» դպրոցի հիմնադիր Ա. Հովասափյանը, ով շնորհակալություն հայտնեց իր սաներին գերազանց պատրաստվածության համար: Նա նաև մասնագիտական տեղեկատվություն տվեց  հանրային դիվանագիտություն եզրույթի վերաբերյալ, ունկնդիրներին պարզաբանեց, թե ինչու է այս եզրույթն առանձնահատուկ կարևություն ստացել մեր օրերում:

Հանդիպման մասնակիցները մեծ հետաքրքրությամբ հետևեցին զեկուցմանը և դասի ավարտին իրենց երախտիքի խոսքն ուղղեցին՝ նշելով, որ թեման իրավամբ հետաքրքիր էր, ինֆորմատիվ ու բովանդակալից:

Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնում 2016թ.-ից հիմնադրվել ու գործում է  «Պատանի դիվանագետի» դպրոցը: Մրցութային քննությունների արդյունքներով յուրաքանչյուր տարի  ընտրվում են հանրապետությունում դիվանագիտական  հակումներ ունեցող լավագույն սովորողները, ովքեր շուրջ կես տարի մասնակցում են դիվանագիտությանը նվիրված դասերին և ավարտին ստանում դպրոցն ավարտելու մասին վկայական: