Մայիսի 23 2022
283391500 7891317010893420 7564715653370118369 n

Օտարերկրացի ուսանողներն այցելեցին պատմամշակութային թանգարաններ

Եվրասիա միջազգային համալսարանի Ֆարմացիայի բաժնի առաջին կուրսի ուսանողներն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան: Ճանաչողական այցի նպատակը հայոց պատմության առանձին դրվագներն ու պատմության էջերը գործնականում շոշափելն էր: Հիմնարար գիտելիքներ ստանալով «Հայոց պատմություն» առարկայից` ուսանողները հնարավորություն ունեցան գործնականում տեսնելու հայ ժողովրդի ծագումնաբանությունը, ինքնությունն ու քաղաքակրթական ժառանգությունը ներկայացնող հնագույն քարտեզներ, հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներ, արխիվային լուսանկարներ, մետաղադրամներ:

«Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցասրահում ուսանողները ծանոթացան Արտաշեսյանների ժամանակաշրջանից մեզ հասած գտածոներին: Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված տեղանքների լուսանկարները, փաստավավերագրական նյութերը, ճարտարապետական շինությունները և դրանց լուծումները խորապես տպավորեցին մեր ուսանողներին: Նրանք ծանոթացան նաև ցուցադրությունում ներկայացված մետաղադրամներին և դրամահատման հիմնական փուլերին:

Հայ ժողովրդի ինքնության պահպանման առանցքում հետաքրքիր էր հատկապես «Դրվագներ ինքնության. զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված նմուշների սրահում շրջայցը: Վերջերս բացված ցուցահանդեսի սրահում մեր օտարազգի ուսանողներին ներկայացվեցին Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ ոսկերիչ և արծաթագործ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ:

Տպավորիչ էր Մատերադարան մեր ուսանողների այցը, որոնք հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ միջնադարյան դեղաբույսերի ու բժշկության պատմությանը: Ուսանողները ծանոթացան նաև անվանի գործիչ Մխիթար Հերացու և Ամիրդովլաթ Ամասիացու գործունեությանը: