Դեկտեմբերի 20 2023
img 1729

Պաշտոնապես ազդարարվեց «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախաձեռնության (ՔԿԿ) մեկնարկը

«ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպությունը՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ դեկտեմբերի 19-ին տվյալ բուհում պաշտոնապես ազդարարեցին «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախաձեռնության (ՔԿԿ) մեկնարկը։

ՔԿԿ-ն ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա ծրագրի  նյութական և մեթոդական օժանդակությամբ։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր երիտասարդների քաղաքացիական գիտելիքների, սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացման, ինչպես նաև  հանրային որոշումներում նրանց իմաստալից և կայուն ներգրավման համար։

Միջոցառման բացմանը ելույթ ունեցան «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, ԵՄՀ-ի ռեկտոր Սուրեն Օհանյանը, Սուրեն Օհանյանը, ԵՄՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ Արմենուհի Պետրոսյանը։

ԵՄՀ-ի ռեկտոր Սուրեն Օհանյանը կարևորեց իրենց համալսարանի հարկի ներքո ստեղծված քաղաքացիական կրթական կենտրոնի արժեքներն ու գաղափարները, որոնք նպաստելու են քաղաքացիական հասարակության կերտմանը:

«Երիտասարդությունը քաղաքացիական հասարակության շարժիչ ուժն է, և հենց այստեղ հավաքված երիտասարդները՝ մեր ուսանողները, պիտի կերտեն ժողովրդավար, կայացած ու կրթված քաղաքացիական հասարակություն: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, և շնորհակալ ենք կենտրոնի ղեկավար կազմին մեր բուհն ընտրելու, մեզ աջակցելու և ոչ ֆորմալ կրթական այս հարթակը գործարկելու համար»,-նշեց Օհանյանը:

«Մեր հիմնական նպատակն է երիտասարդներին զինել կարևոր հմտություններով, գիտելիքներով, տեղեկատվությամբ, որպեսզի բարձրացնենք նրանց մասնակցությունը հանրային որոշումներին, և նրանք իսկապես իրացնեն իրենց ողջ ներուժը և համայնքում հանդես գան որպես կարևոր դերակատար» , – ասում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի հայկական մասնաճյուղի տնօրեն, ծրագրի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը։ Ըստ նրա, ամենակարևորը բովանդակությունն է։

«Նախատեսվում են կանոնավոր դասընթացներ, լինելու են բազմապիսի քննարկումներ, ֆիլմերի դիտումներ, հայտնի մարդկանց հետ հանդիպումներ, այսինքն փորձելու ենք՝ որքան հնարավոր է ազդել երիտասարդների մտածողություն վրա, ոգևորել նրանց, որ իրենք իրենց զգան որպես փոփոխությունների շատ կարևոր սկզբնաղբյուր»։

«Քաղաքացիական կրթության կենտրոնը» Ծրագրի կողմից կահավորվել և համալրվել է համակարգչային տեխնիկայով։ Առկա է նաև գրադարան, որը ներառում է մեծ պահանջարկ վայելող մասնագիտական և հանրամատչելի գրականություն։ Թե՛ համալսարանի ուսանողները և թե՛ համայնքի երիտասարդները կենտրոնի ռեսուրսներից կարող են անվճար օգտվել և մասնակցել տարատեսակ միջոցառումների, դասընթացների ու հանդիպում-քննարկումների երկուշաբթիից-շաբաթ, ժամը 14։00-ից 18։00-ի հատվածում։

Իր հերթին ԵՄՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, սեփական փորձից օրինակ բերելով, փաստեց, թե որքան կարևոր նշանակություն ունեն նման կենտրոններն ակտիվ քաղհասարակություն ունենալու, մասնագիտական ուղի հարթելու հարցում:

«Հույս ունեմ, որ մեր ուսանողներն ակտիվ կմասնակցեն գործարկված նախագծերում, կլինեն նախաձեռնող և ոչ ֆորմալ կրթական հարթակից կօգտվեն շատ հաճախ»:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։