Հունվարի 11 2023

Ի՞նչ արժե ծերությունը․ սոցիալական փորձ՝ կենսաթոշակով

Ամեն ամսվա առաջին օրերին 84-ամյա Էմմա տատիկը օրական մի քանի անգամ զանգում է բանկ՝ խնդրելով ստուգել իր բանկային հաշիվը։ Տարեց կնոջ համար բանկային քարտը գործածելը դեռևս անսովոր է, բայց ամսվա իր միակ եկամուտը հենց քարտի վրա է՝ 49.800 դրամ։ Հենց այսքան է գնահատել պետությունը Էմմա տատիկի շուրջ 25 տարվա աշխատանքային ստաժը․

«Իհարկե, վերջին տարիներին թոշակս 2 անգամ բարձրացրել են՝ մոտավորապես 3 հազար դրամով, ինչի համար շնորհակալ եմ, բայց, միևնույնն է, այս գումարով անհնար է ապրել, եթե օգնող չունես»,– սրտնեղում է Էմմա տատիկը։

Եվ, իրոք, հնարավո՞ր է արդյոք ապրել 49.800 դրամով․ փորձեցինք պարզել ինքներս։ Էմմա տատիկի հետ գնացինք հանրախանութ՝ նախապես կազմելով ամսվա համար անհրաժեշտ գնումների ցանկը։ Ըստ այդմ, տատիկին անհրաժեշտ  էր սննունդ՝ 24.450 դրամ ընդհանուր արժողությամբ, դեղորայք՝ 7500 դրամ, տնտեսական ապրանքներ՝ 5650 դրամ։ Եվս 17.000 դրամ կազմում էր Էմմա տատիկի կոմունալ վճարումները։

Ընդհանուր առմամբ, ցանկով նախատեսված ծախսերը կազմեցին 54.600 դրամ։ Այսինքն՝ Էմմա տատիկին ամսվա ընթացքում սոված չմնալու համար պետք է հավելյալ 4․800 դրամ։ Գումարը չբավարարելու պատճառով նա գնեց միայն խիստ անհրաժեշտ ապրանքները։

«54․600 դրամ մինիմալ ծախսերն են, որոնցով փորձում եմ պահել գոյությունս, այդ գումարի մեջ չի մտնում իմ ճանապարհածախսը ու հավելյալ «ճոխություները»։ Երբեմն ունենում եմ պարտքեր ամսվա կտրվածքով ու պարտքը վերադարձնում եմ միայն կենսաթոշակը ստանալուց հետո»,- ասում է Էմմա տատիկը։

2021 թ․–ին Հայաստանում սննդամթերքի գների ռեկորդային աճ էր գրանցվել՝ 13.9 %՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։  Հացը թանկացել էր 8,6 %-ով, միսը՝ 9,7 %-ով, ձուն՝ 51,3 %-ով, կարագը՝ 15,9 %-ով, շաքարը 39,4 %-ով, պահածոյացված կաթը՝ 10,4 %-ով և այսպես շարունակ։ 2022 թ․–ին պատկերն ավելի տխուր է դարձել։ 2022 թ․–ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 8,1 %-ով, որը վերջին տասը տարիների ամենաբարձր ցուցանիշն է։

Հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 17,1 տոկոսով, հագուստ և կոշիկը՝ 10,5 տոկոսով, բնակարանային ծառայությունները (ջուր, էլեկտրաէներգիա, գազ)՝ 6,7 տոկոսով։

Երկնիշ գնաճ է նկատվել հացաբուլկեղենի և ձավարեղենի (19,9%), մսի (11,6%), կաթնամթերքի և ձվի (11%) գներում։ Բանջարեղենի և մրգերի գները աճել են համապատասխանաբար 45,8 և 16,2 %-ով։ Ամենափոքր աճը եղել է ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների (8,1%), շաքարի և շաքարավազի (6,9%) և յուղերի և ճարպերի (5,1%) գներում։

Չնայած այս թանկացումներին՝ վերջին տարվա ընթացքում կենսաթոշակների և սոցիալական նպաստների էական ավելացում չի եղել․ դրանք ավելացել են միջինում 1000 դրամով:

Հայաստանում 2021 թ․–ին նվազագույն պարենային զամբյուղը (սնունդ) 37 861 դրամ է, նվազագույն սպառողական զամբյուղը (սնունդ և ծառայություններ)` 70 044 դրամ։  Նույն Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 28 600 դրամ է, ինչը զգալիորեն քիչ է նվազագույն պարենային զամբյուղի արժեքից։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թ․–ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 26.5 %:

Էմմա Մարտիրոսյան