Մարտի 04 2021
dsc01484

Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները քննարկման առանցքում

Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց  «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի,  արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա աշխատաժողովը։

«Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով աշխատաժողովի առաջին օրվա մեկնարկն ազդարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով ներկայացրեց նաև ԿԳՄՍ տեսլականը բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխման վերաբերյալ՝ նշելով, որ-«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք բարձրագույն կրթության համակարգում ընդգրկելով որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PhD):

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան կարևորեց դոկտորական կրթության բարեփոխմանն ուղղված ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացված բոլոր ծրագրերի դերը և համագործակիցների սերտ համագործակցությունը՝ ապահովելու առավել մեծ ազգային ազդեցություն։

Աշխատաժողովի առաջին օրը ծրագրի ԵՄ գործընկերները ներկայացրել են դոկտորական կրթության միջազգայնացման փորձը Լիտվայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի օրինակով։ Ծրագրի անդամները՝ ՀՀ 8 բարձրագույն ուսումնական հաստատությունների և 2 գիտահետազոտական ինստի­տուտների ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ, ներկայացրել են ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում ձևավորվել են դոկտորական կրթության բարեփոխման առաջարկները և հայեցակարգային լուծումները։ Ներկայացված առաջարկները քննարկվել են առանձին աշխատանքային խմբերում՝ հստա­կեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ։

Մշակվող հայեցակարգի հիման վրա ծրագրի շրջանակում կվերանայվեն նաև հետբուհական կրթության կազմակերպման իրավական փաստա­թղթերը, որոնց հիման վրա էլ իրենց հերթին կվերանայվեն ինստիտուցիոնալ ընթացակարգերը, և պիլոտային տարբերակով կգործարկվեն դոկտորական դպրոցներ։ Աշխատաժողովը կամփոփվի համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումների շարքով։

Նշենք, որ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն կգործի մինչև 2023 թվականը: ARMDOCT ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագրի նպատակներից է նաև խթանել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմա­նը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են բուհերի և ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, ԿԳՄՍ ռազմավարական, ենթա­կառուց­ված­քա­յին և մար­դկային ռեսուրսների կարողությունների զարգացում, իրավական փաստաթղթերի մշակում, դոկտորական կրթության կազմա­կերպ­ման ձեռ­նարկի մշակում, ինչպես նաև դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների ու արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։ Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում՝ 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստա­տութ­յուններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպոր­տի նախարարությունը։