Մարտի 22 2021
img 0023

Աշակերտների մասնագիտական գիտելիքների զարգացում «Հասարակագիտություն» դպրոցական առարկայի մրցույթի միջոցով

Եվրասիա միջազգային համալսարանը հասարակության առջև ստանձնած սոցիալական պատասխանատվության շրջանակում մշտապես կազմակերպում և կյանքի է կոչում կրթական բազմաթիվ ծրագրեր՝ այսպիսով նպաստելով բուհ-դպրոց համագործակցության ակտիվացմանը և խորացնելով աշակերտների մասնագիտական կարողությունները:

Այս նպատակով  ս․թ․մարտի 20-ին, երկրորդ տարին անընդմեջ, Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց մրցույթ «Հասարակագիտություն» դպրոցական դասընթացի իրավունքի բաժնի շուրջ: Մրցույթին մասնակցեցին Երևանի N 107 միջնակարգ դպրոցի, ՀՀ Կոտայքի մարզի Լեռնանիստի Ս.Նազարյանի անվան միջնակարգ դպրոցի, «Հերացի» ավագ դպրոցի, Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի, Հրազդանի Խ.Աբովյանի անվան N 1 ավագ դպրոցի, Վաղարշապատի N 5 ավագ դպրոցի աշակերտական թիմերը։

Ողջույնի իր խոսքում Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը կարևորեց այսօրինակ նախաձեռնությունները և առանձնացրեց սույն միջոցառումը՝ որպես  դպրոցականների գիտելիքների ամրապնդմանը, ինքնաճանաչմանը և ինքնահաստատմանն ուղղված հարթակ: Ռեկտորը նշեց, որ մրցույթը հնարավորություն է նաև ծանոթանալ համալսարանական կյանքին, ունենալ և հստակեցնել նպատակները, սեր արթնացնել հետազոտական աշխատանքների հանդեպ, մեկ անգամ ևս համոզվել ապագայի մասնագիտության ընտրության հարցում: Ամփոփելով խոսքը՝ նա մաղթեց բոլոր մասնակիցներին հետաքրքիր օր և թիմային արդյունավետ աշխատանք:

Աշակերտներին ողջունեց նաև մրցութային հանձնաժողովի նախագահ, ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Ռաֆիկ Պետրոսյան: Վերջինս կարևորեց մրցույթը՝ որպես աշակերտների ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը և անձնային իրավագիտակցությունը բարձրացմանն ուղղված գործընթաց, առօրյա կյանքում գիտելիքները կիրառելու հմտությունների ձեռքբերում։

Նշենք նաև, որ ժյուրիի կազմում էին ՀՀ Փաստաբանների պալատի անդամ  Սմբատ Մինասյանը, Քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննիչ  Գևորգ Գենջոյանը, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին առընթեր, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Այվազյանը:

Մրցույթը բաղկացած էր երկու մասից․ առաջին մասում թիմերի ավագները ներկայացրին իրավաբանին բնութագրող հատկանիշները, այնուհետև աշակերտները պատասխանեցին տարաբնույթ մասնագիտական հարցերի։ Եզրափակիչ փուլ անցած առավելագույն միավորներ հավաքած չորս թիմերին առաջադրվեցին խնդիրներ, որոնց շուրջ աշակերտները պետք է ներկայացնեին վերլուծություն։

Մրցութային փուլերի արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց Հրազդանի Խ.Աբովյանի անվան N 1 ավագ դպրոցի թիմը,  երկրորդ տեղը՝ Երևանի N 107 միջնակարգ դպրոցի թիմը, , իսկ երրորդ տեղում  Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի  թիմն էր:

Հաղթող թիմերը ստացան դրամական պարգևներ։

ԵՄՀ-ն սահմանել էր նաև Հատուկ մրցանակներ․ այն է անվճար ուսուցման հնարավորություն Եվրասիա միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որոնց արժանացան Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի  աշակերտուհի Դոնարա Սարդարյանը և Հրազդանի Խ.Աբովյանի անվան N 1 ավագ դպրոցի աշակերտ Սերգեյ Ղազարյանը:

Միջոցառման ավարտին մասնակից բոլոր աշակերտները ստացան մասնակցության վկայականներ, իսկ դպրոցները՝ շնորհակալագրեր։

Եվրասիա միջազգային համալսարանը շնորակալություն է հայտնում բոլոր աշակերտներին, ուուցիչներին և դպրոցների տնօրինությանը՝ նախաձեռնությանը ակտիվ ներգրավվելու համար, և շնորհավորում հաղթող թիմերին։