Հունվարի 28 2020
83329391 3791615707530258 4326008764109946880 n

Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ

Այսօր հունվարի 28-ն է՝ հայկական տոնացույցի ամենահպարտ օրը: Այս օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ: Այսօր արդեն տարածաշրջանի ամենամարտունակ բանակի կազմավորմամբ ամրապնդվեց մեր խաղաղությունն ու պաշտպանությունը:

Այս օրը բոլորինն է՝ սահմանին կանգնած շարքային զինվորից մինչև գեներալի, նրանց ընտանիքի անդամների, համալսարանի ուսանողների, բոլոր նրանց, ովքեր իրենց աղոթքներում խնդրում են Աստծուց խաղաղություն հայոց սահմանին և առողջություն հայ զինվորին: Արդեն 28 տարի է հայկական բանակը պաշտպանում ու անառիկ է պահում մեր պետության ողջ տարածքը:

Եվրասիա միջազգային համալսարանի ողջ թիմը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ, շնորհավորում է համայն հայությանը անկախ պետականության վերականգնման գործընթացում ունեցած ամենամեծ ձեռքբերման՝ հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ: Այս օրը առանձնահատուկ հպարտությամբ ենք խոսում համալսարանի այն ուսանողների մասին, ովքեր ծառայում են կամ օրերս պիտի իրենց պարտքը տան հայրենիքի պաշտպանության անձնվեր գործին:

Հպարտանում ենք նաև այն ուսանողներով, շրջանավարտներով, ովքեր ապրիլյան քառօրյայի օրերին բանակը իրենց տուն դարձրած ավագ ընկերների, վետերանների հետ հավասար պայքար մղեցին հանուն մեր այսօրվա պաշտպանության:

Շնորհակալ ենք ձեզ, քանզի մեր թիկունքում զգում ենք ձեր ուժը և վստահաբար քայլում դեպի հաղթանակներ գիտության ու կրթության ոլորտում: Մաղթում ենք բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն, խաղաղություն հայոց սահմաններին, համբերություն ձեր ծնողներին և մենք էլ, որպես ծնող, սրտի թրթիռով սպասում ենք ձեր վերադարձին:

Ապրե՛ք, որ դուք կաք, քաջազուն տղե՛րք:

Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ…