Մարտի 16 2017
12

Սուրեն Օհանյանի ուղերձը Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողներին և շրջանավարտներին՝ համալսարանի հիմնադրման 20-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի´ ուսանողներ և շրջանավարտներ

Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ  կազմը ավանդաբար անում են բոլոր հնարավորը և անհնարինը բարելավելու շրջանավարտ-մասնագետների պատրաստման որակը, բարձրացնելու շրջանավարտների մասնագիտական գործնական հմտությունները՝նպաստելու նրանց մասնագիտական աշխատանքի տեղավորման հնարավորությունների մեծացմանը:

Համալսարանն իր կրթական ծրագրերով, ուսուցման մեթոդներով, ուսանողների նախասիրություններին մոտ ուսուցման ենթակառուցվածքներով, տեխնիկական միջոցների և տեղեկատվական համակարգերի ապահովվածությամբ, կրթական գործընթացների ազատականացմամբ, ուսանողների միջազգային դրամաշնորհային փոխանակման և դասախոսների ու վարչական կազմի վերապատրաստումներով և այլն գրեթե ոչնչով չի զիջում եվրոպական համալսարաններին: Միայն վերջին երեք ուսումնական տարվա ընթացքում համալսարանից ավելի քան երեսուն ուսանող մեկական կիսամյակ անվճար հիմունքներով ուսումը շարունակել է Իտալիայի , Լեհաստանի, Չեխիայի, Իսպանիայի, Հունաստանի, Լիտվայի առաջատար համալսարններում: Զուգահեռաբար, բազմաթիվ դասախոսներ և վարչական աշխատողներ նույնպես  մասնակցել են նշված համալսարաններում ընթացող վերապատրաստման դասընթացներին, բարելավել են իրենց հմտությունները՝ ուսանողների հետ նոր կրթական մշակույթ ներդնելով ԵՄՀ:

Համաշխարհային վարկանիշավորման UniRank ընկերությունը ՀՀ համալսարանների շարքում  2016թ. տվյալներով Եվրասիա միջազգային համալսարանին  հատկացրել է 13-րդ տեղը : Այդ վարկանիշը գրեթե համընկնում է ՀՀ համալսարանների ներկայումս ընթացող ինստիտուցիոնալ հավատարմագրման տվյալներին. 13 պետական և 3 ոչ պետական բուհերի հետ միասին 2015թ. ԵՄՀ-ն հաջողությամբ հաղթահարել է որակի ապահովման ինստիտուցիոնալ հավատարմագրման դժվարին շեմը: Համալսարանի ռազմավարական ծրագրով նախատեսված է մինչև 2020թ. ավարտել միջազգայնացմանը միտված բոլոր գործընթացները և դառնալ Եվրոպական համալսարանական ընկերակցության լիարժեք անդամ:

Այս աննախադեպ հաջողությունները պայմանավորված են մեր թիմի բոլոր անդամների՝ ուսանողների, շրջանավարտների, դասախոսների և վարչական կազմի սրտացավ, մոտիվացված և ուսուցման վերջնաարդյունքներին միտված նպատակային աշխատանքներով: Ծնողական համայնքը նույնպես մեր հաջողություների գործում ունի մեծ դերակատարություն:

Սիրելի ուսանողներ և շրջանավարտներ,

Այս տարվա հոկտեմբերին լրանում է Եվրասիա միջազգային համալսարանի և հենակետային վարժարանի հիմնադրման 20-րդ հոբելյանական տարեդարձը: Հիմնադիրների խորհուրդը և հոբելյանական հանձնաժողովը նախատեսել են մի շարք միջոցառումներ. հանդիսավոր նիստեր, պատվավոր կոչումների շնորհում, պարգևատրումներ, հրատարակություններ և այլն: Այդ նպատակով մեր տեսադաշտում են գտնվում բոլոր տարիների շրջանավարտները, ներկայումս սովորող ուսանողները, ծնողական համայնքի այն ներկայացուցիչները, ովքեր հավատ են ունեցել մեր կրթական գործունեության նկատմամբ, ճիշտ են հասկացել ԵՄՀ անփոփոխ կարգախոսի՝ «Մեր ձեռքը դարի զարկերակին է»իմաստը:

Շնորհակալություն ենք հայտնում ձեզ մեր կողքին լինելու համար, նաև ձեր գործունեության շնորհիվ է, որ համալսարանը ձեռք է բերել բարձր վարկանիշ, խորապես համոզված եմ, որ համալսարանի հետագա զարգացումը նույնպես պայմանավորված է լինելու Ձեր գործունեությամբ:

Այս ուղերձով մենք խնդրում ենք Ձեզ առավել ակտիվացնել  համագործակցությունը համալսարանի ստորաբաժանումների հետ, շարունակել ձեր ավանդը ներդնել համալսարանի հետագա գործունեության և զարգացման մեջ: Շուկայական մրցակցային լծակները բուհական համակարգում նույնպես սկսել են դրսևորվել առավել ակնհայտ և համալսարանական ծնողական համայնքների ու շրջանավարտ և շահառու ուսանողների միաբանված ու համակարգված նպատային աշխատանքի հետագա ապահովումը հավատ ու երաշխիք կստեղծի ԵՄՀ հետագա գործունեության և կրթական շուկայում շահեկան դառնալու համար: Ըստ արժանվույն գնահատելով Ձեր  համագործակցությունը մայր բուհի հետ՝ հոբելյանական հանձնախումբը հայտարարում է «Լավագույն  շրջանավարտ» և «Լավագույն ուսանող»մրցույթ: Մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու ԵՄՀ վերապատրաստման և փոխանակման ծրագրերին և անվճար հիմունքներով, մեկ շաբաթ կամ մեկ կիսամյակ տևողությամբ, մեկնել եվրոպական համալսարաններից որևէ մեկը՝ բարելավելու մասնագիտական գործնական հմտությունները: Մրցույթի անցկացման պայմաններին կարելի է ծանոթանալ ԵՄՀ գործատուների հետ կապի բաժնում:

Ձեր երեխաներին ու ձեզ կրթելը եղել է մեր պարտականությունը, իսկ ձեր հաջորդ սերունդների կրթությունը մեր կողմից կդիտվի որպես մշտական երաշխիքի դրսևորում՝ մեր աշխատանքի յուրահատուկ արժևորում: