Մարտի 22 2020
IMG 9040

Ուսուցում՝ նաև չնախատեսված իրադրությունում

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ,

Ստեղծված չնախատեսված իրադրությունը հարկադրեց մեզ հանպատրաստից անցնել առցանց՝ հեռավար ուսուցման: Դուք և ուսուցչական, դասախոսական կազմը և հատկապես՝ վարչական, սպասարկող աշխատակիցները, հիմնականում ծանոթ էիք այդ համակարգին, ուսումնառության ընթացքում՝ տնից, թե լսարանում, օգտագործում էիք առցանց համակարգի առանձին գործիքներ: Ծանոթ էիք նաև ՏՏ դասընթացներից առցանց ուսուցման մեթոդաբանությանը: Հետևաբար, արագ ադապտացվեցիք և ընդամենը մի քանի օրվա ընթացքում առանձին դասընթացների ուսուցումից անցաք առցանց՝ արդեն առկա ուսուցման դասացուցակով ուսուցման իրականացմանը: Սկսում ենք առցանց, սակայն համակարգված, ուսումնական պլաններով նախատեսված դասընթացները: Այսուհետ դուք կշարունակեք ձեր պարապմունքներն առանց դեմ առ դեմ հանդիպման այնքան ժամանակ, քանի դեռ գործում են այս սահմանափակումները, որոնց տևականությունը չենք կարող կանխատեսել:

Սիրելի՜ աշակերտներ և ուսանողներ,
Ձեզ համար ընձեռված են բոլոր հնարավորությունները չընդհատելու ուսումնական գործընթացը. ներդրված և գործող հեռավար ուսուցման տեխնիկապես հագեցած համակարգ, ուսումնական անհրաժեշտ ռեսուրսներ, դրանցից օգտվելու մեթոդական հնարքներ, վերապատրաստված ուսուցիչներ և դասախոսներ ու հատկապես համակարգը սպասարկողներ:

Տեղյակ եմ, որ ներդրված այս համակարգը ձեր նախասիրություններին լիարժեք համապատասխանում է, պետք է նաև նկատի ունենանք, որ էապես փոխվում են ուսուցանելու հնարավորությունները: Այսուհետ դուք ավելի կարճ ժամանակահատվածում կկարողանաք սովորել նաև աշխարհի ցանկացած ուսումնական հաստատությունում՝ առանց բնակության վայրի փոփոխության: Արդեն դուք դրա համար ունեք բոլոր հմտությունները: Դուք նույնպես պետք է վերափոխվեք համաշխարհային կրթական փոփոխություններին համընթաց: Այլ կերպ ասած՝ այս նոր համակարգը բացառիկ առաջնադիմական է ևձեզ ուղեկցելու է ձեր ողջ կյանքում:, նույնիսկ ցանկացած կենցաղային և ֆինանսական գործառույթ այսուհետ կիրականացվի այս վիրտուալ մեթոդաբանությամբ:

Մենք չենք կարող կանխատեսել, թե այս էքստրեմալ իրադրությունը որքան կտևի, հետևաբար եկե՛ք համակերպվենք ստեղծված իրավիճակի հետ և նկատի ունենանք առցանց ուսուցման կարևորությունը ընդհանրապես՝ նաև դեմ առ դեմ ուսուցման անցնելուց հետո:

Յուրաքանչյուր սովորող պետք է իր համար ունենա անհատական ուսուցման հետագիծ և ինքնուրույնություն ցուցաբերի ապահովելու ուսուցման բարձր արդյունավետություն: Այս նոր համակարգը ունի ուսուցման նկատմամբ ինքնամոտիվացնող հատկություն, նույնիսկ ավանդաբար քիչ ցածր առաջադիմություն ունեցող սովորողներն իրենց դրսևորում են ավելի դրական հատկանիշներով:

Շնորհակալություն եմ հայտնում համալսարանի մեթոդական խորհրդին և Որակի ապահովման կենտրոնին, դասախոսական ու ուսուցչական կազմին, բոլոր աշխատակիցներին ստեղծված իրադրությանն ըմբռնումով վերաբերելու և պատրաստակամություն հայտնելու համատարած ու լիարժեք առցանց ուսուցման համակարգը գործարկելու համար:

Համոզված եմ, որ կապահովենք կրթական լավագույն արդյունքներ:
_________
ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան