Մարտի 05 2021
img 8409

Էրազմուս + ARMDOCT կարողությունների զարգացման ծրագրի աշխատաժողովի երկրորդ օրն է ընթանում

Էրազմուս + ARMDOCT կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով աշխատաժողովի երկրորդ օրն է ընթանում։

Աշխատաժողովի ընթացքում հյուրընկալեցինք Ֆիրո ընկերության Հիմնադիր գիտնական, Գիտուժ նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանին, ով ներկայացրեց “Գիտության փլուզումից խուսափումն ու վերջինիս վերակառուցումը Հայաստանում խորգարով” զեկույց՝ խոսելով նաև Գիտուժ նախաձեռնության մասին։

Պարոն Ջիվանյանը խոսեց նաև Ֆիրո գիտահենք ընկերության հաջողությունների մասին, որն այսօր արդեն ունի 60 միլիոն դոլարի կապիտալիզացիա։ Ինչպես նշեց պարոն Ջիվանյանը, Ֆիրո ընկերության (որը կրիպտոարժույթ է) ստեղծման հիմքում ընկած է մեկ հիմնական գիտական հոդված․ ըստ բանախոսի անհրաժեշտ է խթանել որակյալ գիտական արդյունքի ստեղծումը՝ տրամադրելով բավարար ֆինանսական միջոցներ, ստեղծելով լաբորատորիաներ, ինչպես նաև մեխանիզմներ և խթաններ՝ սփյուռքի հայ գիտնականների ներուժն օգտագործելու համար։

ARMDOCT ծրագրի անդամները (ՀՀ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ներկա­յա­ցուցիչներ), կիսելով Գիտուժ նախաձեռնության տեսլականը և մտահոգությունները, ուղ­ղե­ցին հարցեր և ձեռքբերեցին հետագա համագործակցության պայմանավորվածութ­յուն­ներ։

Էրազմուս+ Armdoct «Ատենախոսության պաշտպանություն և գիտական աստիճանաշնոր­հում» աշխատանքային խումբը (զեկուցող՝ ՀՀ  ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյան) եռօրյա աշխատաժողովի ընթացքում հակիրճ անդրադարձ կատարեց Եվրոպա­յում և Ռուսաստանում ու ԽՍՀՄ-ում գիտական աստիճանաշնորհման պատմությանը, ներկայացրեց ՀՀ-ում այժմ գործող ընթացակարգը։

Մանրամասն ներկայացվեցին գործընկերների կողմից վեր հանված խնդիրները և աշխատան­քային խմբի առաջարկած լուծումները։ Մասնավորապես, դրանք վերաբերում էին ատենախո­սութ­յան ձևաչափին ու ծավալին, գրախոսմանը, ակադեմիական բարեվարքությանը, տպագրված գիտական աշխատանքների թվին, մասնագիտական խորհրդի կազմավորման սկզբունքներին, գիտական ղեկավարի դերին, բողոքարկման ընթացակարգին, ֆինանսա­վոր­մանն ու միջազգայնացմանը։

«Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» աշխատաժողովի ընթացքում, որն իրականացվեց Էրազմուս+ Armdoct ծրագրի շրջանակներում, 4 հետազոտական խմբեր ներկայացրին հետբուհական կրթության կազմակերպման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները և բարեփոխման առաջարկներ։

Հետազոտական առանձին խումբ, որը ղեկավարում է Պոլիտեխնիկական համալսարան-ի Հետազոտությունների և նորարարությունների կենտրոնի ղեկավար Արմինե Ավետիսյանը աշխատաժողովի ընթացքում ներկայացրեց  «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ-ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԿԱՊՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻ­ՐՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ամփոփ առաջարկները։

Նշենք, որ տվյալ աշխատանքային խումբը հետազոտության արդյունքները ներկայացրեց նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարին։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին գիտական հետազո­տութ­յունների համար ձեռքբերվող սարքավորումների և նյութերի հարկման խնդիրները՝ կարևորելով հարկային խթանների տրամադրումը (այդ թվում ավելացված արժեքի հարկից ազա­տումը), ինչն էապես կխթանի ոլորտում ներդրումները և գործընթացի արդյունավե­տութ­յան բարձրացումը։

Առաջարկվեց նաև որոշակի գիտական բնագավառում գիտական կադր պատրաստելու համար շահագրգռված և համատեղ հետազոտություններ իրականացնող կազմակերպություն­ներին պետության կողմից ֆինանսական խրախուսման մեխանիզմներ գործարկել, այդ թվում նաև հարկային արտոնություններ։ Կարևորելով առաջարկները՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ խնդիրն առավել մանրամասն կուսումնասիրվի և համապատաս­խան նախագիծ առաջիկայում կշրջանառվի։

Նախարարը պատրաստակամություն հայտնեց նաև ներգրավելու ռեսուրսներ և ֆինանսական աջակցություն տրամադրելու ակադեմիական «սփին-օֆ»-ներին՝ արձագանքելով աշխատան­քա­յին խմբի համապատասխան առաջարկին։

Իրազեկության բարձրացման և տեղեկատվության տարածման, գիտնականների և գործարար ոլորտի համագործակցությունը խթանելու նպատակով նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում ARMDOCT ծրագրի աշխատանքային խմբի հետ համատեղ կազմակերպել համաժողով։