Նոյեմբերի 23 2017
IMG 9405

Վարպետության դաս՝ «Կառավարման որակ, թե՞ որակի կառավարում» թեմայով

2017թ. նոյեմբերի 16-ին Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ վարպետության դաս՝ «Կառավարման որակ, թե՞ որակի կառավարում» թեմայով, որը ներկայացրեց  «Սիգնում»  ընկերության  հիմնադիր տնօրեն Նիկա Մանուկովան: Հանդիպման սկզբում բանախոսը հանգամանալից խոսեց կառավարման ստանդարտների՝ մասնավորապես ISO 9001,ISO 14000, OHSAS 18001 և ISO 27000-ի մասին՝ բացատրելով դրանց էությունը, այնուհետև անդրադարձավ կազմակերպությունների կառավարման համակարգին, գործընթացների դասակարգմանը, փաստաթղթավորմանը՝ էությանը և կարևորությանը, փաստաթղթաշրջանառության նկատմամբ գոյություն ունեցող և  ISO 9001:2000-ին համապատասխան պահանջներին:

Ուսանողները առանձնահատուկ մեծ ուշադրություն սևեռեցին  հետևյալ կանոններին. այն է՝ «չի վերահսկում այն, ինչ սահմանված չէ,», «չի չափվում այն, ինչ չի վերահսկվում», «չի բարելավվում այն, ինչը չափելի չէ»: Հետաքրքրությունը այնքան մեծ էր ներկաների մոտ, որ այս կանոնների շուրջ ծավալվեց բուռն քննարկում:

IMG 9399Ն.Մանուկովան ներկայացրեց նաև կազմակերպությունում ղեկավարների պատասխանատվությունը` շեշտելով, որ  կազմակերպության բարձրագույն ղեկավարությունը պետք է ուշադրություն դարձնի որակի ռազմավարությանը՝ որպես երաշխիք՝ այդ նպատակով որակը համապատասխանեցնելով կազմակերպության նպատակներին, մշտապես բարելավելով կառավարման համակարգի որակի արդյունավետությունը և այլն: Այնուհետև խոսեց կառավարման ռեսուրսներից՝ անձնակազմ, տեխնոլոգիա, հումք, սարքավորում, արտադրական միջավայր կամ ենթակառուցվածք:

Ն.Մանուկովան ներկաների ուշադրությունը բևեռեց նաև կառավարման գործընթացի խնդիրների վրա՝ հատկապես կարևորելով ղեկավարի անձնական գործոնը, որոշումներ կայացնելիս վերահսկողության համակարգի, մոտիվացիայի բացակայությունը, սխալ փաստաթղթաշրջանառությունը: Զեկուցողի կողմից անդրադարձ եղավ նաև ներքին աուդիտի դերին, դրա կարևորությանը, տեսակներին:

Հագեցած դասի արդյունավետությունը փաստեց ուսանողների գոհունակությունը:

Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա էին Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները, մագիստրանտները և պրոֆեսորադասախոսական կազմը: