Հոկտեմբերի 20 2020
123049664 385120399528496 275775839044800488 n

Աշխատաժողովի առաջին օրվա հանդիպումը Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի փորձագետների ներկայացմամբ

Ս․թ․ հոկտեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր, Էրազմուս Պլյուս Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Լուսինե Ֆլջյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց աշխատաժողով, որը վարեցին Եվրոպայի խորհրդի  Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի  (ԺԼԵԿ) ծրագրերի փորձագետներ Քեթրին Կարե-Կառլինգերը (Լինց, Ավստրիա)  և Կատյա Շնիցերը (Մութցեն, Շվեյցարիա):

Լսարանում բազմամշակութային և բազմալեզվական հմտությունների զարգացման վերաբերյալ ինտերակտիվ աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի դպրոցներում, համալսարաններում և այլ կրթական հաստատություններում դասավանդող ավելի քան երեսուն մասնագետներ, կրթակարգերի և առարկայական ծրագրերի մշակողներ, որոնց թվում են նաև Եվրասիա միջազգային համալսարանի և Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի պրոֆեսորադասախոսական կազմը:

Սեմինար-վերապատրաստումներին, որոնց աշխատանքային լեզուն անգլերենն է, ներգրավված են օտար լեզվով, մասնավորապես անգլերենով այլ առարկաներ դասավանդող մասնագետները:

Եռօրյա աշխատաժողովի առաջին օրվա հանդիպումն ուղեկցվեց տարաբնույթ թիմային քննարկումներով և փորձի փոխանակմամբ:

Համավարակով պայմանավորված սահմանափակումներից ելնելով՝ աշխատաժողովը կազմակերպվում է բացառապես առցանց հարթակում: